Հունիսի 11-ին, ժամը 10:00-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը կներկայացնեն ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների եւ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների կողմից ընտրական շտաբների ձեւավորմանը եւ դրանց վրա ցուցանակների տեղադրմանը: Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին: