Նոյեմբերի 15-ին,
ժամը 13.00-ին, UWC Հայաստանի ազգային կոմիտեն եւ UWC Դիլիջան քոլեջը կազմակերպում
են «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC
համակարգում: Միջոցառումը կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ
Ավետիսյան» մասնաշենքի «Մանուկյան» դահլիճում։
Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում
հայտնել են UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, դպրոցի հիմնադիրների խորհրդի
նախագահ Վերոնիկա Զոնաբենդը եւ UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա
Բրոդնիկովսկայան:
Վերոնիկա Զոնաբենդը ընդգծել է, որ ընդունելությունը
հաջողությամբ անցած ուսանողները կարող են դիմել դրամաշնորհ ստանալու համար եւ
դրամաշնորհային հանձնաժողովը որոշում կկայացնի, թե ինչ ծավալի ֆինանսավորում
կստանան նրանք: Նա նշել է, որ UWC համակարգում ներկայումս սովորող 22 հայ
ուսանողներից բոլորն էլ ստացել են դրամաշնորհներ, որը ծածկել է նրանց ուսման
ծախսերի 90-100%-ը: Նվիրատուների հատկացրած դրամաշնորհների ընդհանուր ծավալը
կազմել է 1.5 միլիոն դոլար:
UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան
տեղեկացրել է, որ 2015 թվականին UWC համակարգում սովորելու հայտերի ներկայացման
վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 11-ն է: Հայտերը լրացվում են առցանց http://www.am.uwc.org/ կայքում:
UWC համակարգում կարող են սովորել 15-17 տարեկան տղաներ
եւ աղջիկներ: 2015 թվականին UWC քոլեջներն հայաստանցի ուսանողների համար
առաջարկում են 23 տեղ, այդ թվում 10 տեղ՝ UWC Դիլիջան քոլեջում: Ուսանողների
ֆինանսական հնարավորությունները դեր չեն խաղում UWC կրթական համակարգում
ընդունելության մասին որոշում կայացնելիս:
Ջոն Փադըֆութը նշել է, որ այժմ UWC Դիլիջանում
կրթություն ստացող 96 ուսանողներից 63-ը սովորում են դրամաշնորհների շնորհիվ:
Դիմել կարող են այն երիտասարդները, որոնք ուսումնական տարվա մեկնարկին (2015 թ.
սեպտեմբերի 1-ին) կլինեն 16-17 տարեկան։ Անդրադառնալով UWC Դիլիջան քոլեջում հայոց
լեզվի դասավանդմանը հայաստանցի ուսանողների համար, Ջոն Փադըֆութն ասել է.
«Հայ ուսանողներից ոմանք UWC Դիլիջան քոլեջ են ժամանում
ավագ դպրոցն ավարտելուց հետո եւ մենք քննարկում ենք նրանց համար հայերենի
«կատարելագործված» դասընթաց կազմակերպելու հարցերը: Ինչ վերաբերվում է հայաստանցի
այն ուսանողներին, որոնք մեզ մոտ գալիս են 11-րդ դասարանն ավարտելուց հետո, ապա
2015թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր նրանց համար
կներդրվեն հայոց լեզվի, գրականության, մշակույթի,
պատմության եւ կրոնի դասեր եւ նրանց կրթությունը ամբողջությամբ կհամապատասխանի
ազգային կրթական չափորոշիչներին»:
Նշենք,
որ UWC-ին (United World Colleges)՝«Միացյալ Աշխարհի Քոլեջներ»-ը հիմնադրվել է
1962 թ.: Կրթական մեծ փորձի վրա հիմնված UWC ծրագրերի նպատակն է ամբողջ աշխարհից
ուսանողների կրթությունը կազմակերպել՝ ոգեշնչելով նրանց ստեղծելու նոր ապագա: Ներկայումս, UWC համակարգում գործում են
աշխարհի տարբեր երկրներում տեղակայված 14 դպրոցներ եւ քոլեջներ: Յուրաքանչյուր
տարի, UWC ծրագրերով ուսանում է շուրջ 7500 աշակերտ: Ուսանողները սովորում են
Միջազգային Բակալավրիատ (IB) ծրագրով (մինչհամալսարանական նախապատրաստում):