Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի շենքի մոտ բողոքող մի շարք ակտիվիստների: Հավաքվածները պահանջում էին ապահովել իրենց մասնակցությունը Երևանի ավագանու խորհրդի նիստին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 10-ի առավոտյան: Նրանք նաև ցանկանում էին քաղաքապետարանում բարձրացնել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և ՙԵրևանտրանսի՚ տնօրեն Միսաք Համբարձումյանի պաշտոնանկության հարցը:
Արդյունքում` Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 10 ակտիվիստների, որոնց թվում են Ռուզան Գրիգորյանը, Սոնա Մսրյանը, Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը, Կարեն Հարությունյանը, Գոհար Սարոյանը: Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին պնդում են, որ քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու Ավագանու խորհրդի նիստերին: Այդպիսով, նրանց կարծիքով, ակտիվիստների բերման ենթարկումն ապօրինի է և զուրկ որևէ հիմքից: