Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու
Անկարայի մտադրությունը Հայաստանի համար աղոտ հեռանկար ունի, ԱրմԻնֆո-ի թղթակցին
հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Դժվար է մեկնաբանել նման
համագործակցության հեռանկաները Հայաստանի համար, քանի որ ազատ առևտրի գոտու
ստեղծման վայրն ու պայմանները հայտնի չեն: Բացի այդ, դեռ պարզ չեն ՄՄ-ին Հայաստանի
անդամակցության հեռանկարները, որի երկրները նորանոր պայմաններ են առաջ քաշում մեզ
համար», - ասել է նա:
Բոստանջյանը նշել է, որ ազատ
առևտրի գոտիները, որպես կանոն, ստեղծվում են բիզնեսի զարգացման համար բարենպաստ
տարածքում` ենթակառուցվածքի և հարկերի առումով: Ընդ որում` պարտադիր չէ, որպեսզի
Թուրքիան պաշտոնապես բացի Հայաստանի հետ սահմանը, ասել է փորձագետը:
Հիշեցնենք,
որ օրերս ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Թուրքիան
նախաձեռնել է Մաքսային միության` Ռուսաստանի,
Բելառուսի և Ղազախստռանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Այդ մասին
լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ
Ուլյուկաևը Սիդնեյում G20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում իր
թուրք գործընկեր Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո: Ուլյուկաևի ասելով,
հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ձևերը, այդ թվում`
Մաքսային միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը: «Պայմանավորվել
ենք ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և սեպտեմբերին սկսել այդ
հնարավորությունների և հեռանկարների առավել մանրամասն քննարկում», - ասել է
Ուլյուկաևը: