Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի բացակայության պայմաններում 1994 թվականից գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխությունն անընդունելի է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունը:
Մայիսի 7-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Twitter-ի իր էջում գրել էր, որ ՙօկուպացված տարածքները՚ պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Ավելի վաղ համանման պնդմամբ էր հանդես եկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` զեկույց ներկայացնելով Վաշինգտոնի Կարնեգի կենտրոնում:
ՙ6-7 շրջան հանձնելու դեպքում, ինչպես պահանջում է Ուորլիքը, ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը 350-400 կմ-ից կերկայանաձգվի գրեթե երկու անգամ: Հայաստանը և ԼՂՀ-ն դրանից հետո ստիպված կլինեն կտրուկ ավելացնել զորքերի քանակը այդ գծում, ինչը լրացուցիչ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ կպահանջի: Բացի այդ, Հայաստանը կզրկվի Հայաստանի հետ հաղորդակցման երկու այլընտրանքային ճանապարհից՚,- ընդգծել է Հարությունյանը:
Գեներալ-լեյտենանտի կարծիքով, շրջանների հանձնումը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև գոյություն ունեցող հավասարակշռության խախտման: Դրանից կշտապի օգտվել Ադրբեջանը, որը ձգտում է հասնել Ղարաբաղի լիակատար հանձնմանը: Այս առումով, Հարությունյանի խոսքով, որևէ տարածքի հանձնում, մինչև Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը, անիրական է: