Խնդրում եմ ինձ տրամադրել ձեր ստորագրությամբ մի նամակ, որն ինձ լիազորում է վաճառելու «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20%-ը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսպիսի
առաջարկություն է արել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Faceebook-ի իր էջում:
«Երկրորդ, նշեցիք, որ հայկական բաժնետոմսերն այնքան լավն են, որ դրանց գինը 6%-ից իջել է 5.8%-ի։ Պարոն նախագահ, այդ մտքերը մինչ Ձեզ լսել էի ֆինանսների նախարարից։ Կատարյալ անտեղյակության արդյունք է։ Բոլոր երկրների պետական արժեթղթերը
(բացառությամբ Ուկրաինայի) վերջին շրջանում իջել են։ 2 հիմնական պատճառ կա։ Առաջին. եւ աշխարհի, եւ Եվրոպայի տնտեսությունները 2013-ի 2-րդ կիսամյակին աճում են պրոգնոզների նկատմամբ։ Այս պայմաններում փոխառու միջոցների տոկոսն իջնում է։ Երկրորդ՝ շարունակվում է QE ծրագրի իրականացումը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրաբանկի եւ Անգլիայի Բանկի կողմից։ Էժան փողը թափած է», - գրում է Բագրատյանը։
Վերջում
նախկին վարչապետը նախագահին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ խորհրդակցություն հրավիրելուց` իրեն սխալ տեղեկատվություն տրամադրած մարդկանց պատժելու նպատակով։ Բագրատյանի կարծիքով դա անօգուտ է, հաշվի առնելով ֆինանսական ոլորտում, բանկերում, ապահովագրության, ֆինանսական հաշտարարի կառույցներում վարչապետ Տիգրան Սարգսյանի ստեղծած այնպիսի քավոր-սանիկական, խնամիական, մարդ ու կնկա մաֆիան, որից նախագահը գլուխ չի հանի։ «Ելքը մեկն է. դրանցից ազատվել։ Այսինքն, դիմում գրեք եւ հեռացեք», - ամփոփել է նախկին վարչապետը։
Շաբաթ
օրը ԵԿՄ համագումարում իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել
էր, թե Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի հակառակորդները չեն ցանկանում նայել ճշմարտության աչքերին, փորձելով միայն սևացնել այն ամենն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները: Ռուսական կողմի հետ բանակցություններում նախագահը ձեռքբերում էր համարել հայ սպառողների համար ռուսական գազի համեմատաբար ցածր գները, որոնք, համաձայն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրերի, կապված են ռուսաստանի ներքին շուկայի գների հետ: Մեկնաբանելով «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20%-ի վաճառքը` Սերժ Սարգսյանը հռետորական հարցադրում էր արել. «Իսկ ինչ էր մեզ տալու այդ 20%-ը»: «Վստահեցնում եմ, եթե այսօր հայտնվի մեկը, ով կցանկանա այդ 20% բաժնետոմսերը գնել 100 մլն դոլարով, այդ դեպքում ես պատրաստ եմ չեղյալ հայտարարել ռուսական կողմի հետ պայմանագիրը և մեր մասնաբաժինը վաճառել այդ գնով: Իսկ մեզ բարին չկամեցողներին խորհուրդ եմ տալիս, եթե կարող են, թող իրենք բանակցեն Ռուսաստանի հետ և հասնեն ավելի շահավետ պայմանների», - հայտարարել էր նախագահը: