Euronews հեռուստաալիքի
պաշտոնական կայքը`– www.euronews.com-ը, ուղիղ եթերում կհեռարձակի Արամ Խաչատրյանի
անվան II միջազգային փառատոնը եզրափակող համերգը: Հայաստանի պետական երիտասարդական
նվագախմբի, ջութակահար Մայու Քիշիմայի /Ճապոնիա/, մեցցո-սոպրանո Մարինա
Դոմաշենկոյի /Ռուսաստան/ և Հայաստանի պետական ակադեմիական կապելլայի
մասնակցությամբ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Երևանում:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է
Երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, ավելի վաղ փառատոնի
շրջանակներում բոլոր 15 համերգը հասանելի էր համացանցում` www.akhif.am և www.syoa.tv կայքերում ուղիղ հեռարձակմամբ:
Բարձր գնահատելով երաժիշտների կատարողական վարպետությունը, ինչպես նաև հեռարձակման
տեխնիկական որակը` Euronews-ը հանդես է եկել իր կայքում փառատոնային վերջին
համերգի հեռարձակումը կազմակերպելու առաջարկով:
www.euronews.com-ն ունի օրական 400 հազար այցելու:
Այդպիսով, առաջիկա համերգը միջազգային մեծ լսարան կունենա: Տեր-Հովակիմյանը տեղեկացրել
է, որ
Euronews-ի և Հայաստանի երիտասարդական նվագախմբի
համագործակցությունը կշարունակվի նաև հաջորդ տարի: Դա հատուկ նշանակություն ունի, քանի որ 2015 թ. նշվելու
է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և երաժիշտների գրեթե բոկոր ելույթները նվիրված
են լինելու այդ տարելիցին:
Արամ
Խաչատրյանի անվան II միջազգային փառատոնը մեկնարկել է Երևանում սեպտեմբերի 16-ին:
Փառատոնն ընթանում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: