Օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելը ոչ իրավաչափ է և հակասության մեջ է մտնում Սահմադրության 45-րդ հոդվածի հետ՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխաված անձի սեփականության իրավունքը: Այդ մասին ասվում է ՀՅԴ Երևանի կոմիտեի հայտարարության մեջ:
Ինչպես հիշեցնում են փաստաթղթի հեղինակները, 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։ 2014թ. գործարկվող ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին փոխանցել իրենց չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։ Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաև սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաև պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։
ՙՔաղաքացիների կողմից կատարված վճարների տնօրինումը օտարերկրյա մասնավոր ընկերություններին հանձնելը մի շարք իրավական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ կապված գումարների երաշխավորելիության, գումարները երկրից դուրս հանելու, ինչպես նաև ֆոնդերի կառավարման, դրանց թափանցիկության հետ։
Առաջարկվող մոդելը միջազգային պրակտիկայում լինելով աննախադեպ, ակհայտորեն ռիսկային է և ոչ միայն չի ապահովում կենսաթոշակային համակարգի առջև ծառացած խնդիրների ամբողջական լուծումը, այլև չի երաշխավորում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը: Ավաղ, վերոնշյալ և մի շարք այլ հիմնախնդիրների շուրջ անդրդվելի և անտարբեր մնացին կառավարությունն ու խորհրդարանական կոալիցիան՝ մերժելով անգամ Ազգային ժողովում հարցը քննարկելու և օրենքի գործադրումը մեկ տարով հետաձգելու ՀՅԴ, ԲՀԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունը։ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժերը կվիճարկեն Սահմանադրական դատարանում՚,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՅԴ Երևանի կոմիտեն՝ կարևորելով ՀՀ օրենքների սահմանադրականությունը, պաշտպանված և երաշխավորված իրավունքներով ու արժանապատիվ ապագայով հասարակություն ունենալու գերխնդիրը, կոչ է անում երևանցիներին մասնակցելու դեկտեմբերի 17-ին Ազատության հրապարակում մեկնարկող ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին։