Մինչև տարեվերջ Ղազախստանը կվավերացնի ԵԱՏՄ-ին Հայաստանի
անդամակցության շուրջ պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի
ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը`
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը:
Ղազախստանի ղեկավարը նշել է, որ երկու եկրների միջև
գոյություն ունի, գործնականում, լիակատար
վստահություն, և չկա ոչ մի խնդիր, եթե կա, ապա դրանք ընդհանուր են Ռուսաստանի և
Ղազախստանի համար:
«Հունվարի 1-ից կաշխատենք ԵԱՏՄ համակարգով: Կարող են
ասել, թե ահա, Եվրասիական տնտեսական միություն է, առևտուրը նվազել է և այլն: Դա
այդպես է, սակայն` ոչ փողով, այլ ձեռնարկությունների, ընկերությունների միջև
համագործակցության ֆիզիկական ծավալներով: Համատեղ ձեռնարկությունները զարգանում
են, կոնյունկտուրան կբարելավվի: Դրա ընդհանուր օգուտն այն է, որ մենք ունենք
ընդհանուր մաքսային սահմաններ, բեռների ազատ փոխադրումներ, մարդկանց ազատ
տեղաշարժ: Եվ ամսի 23-ին Մոսկվայում տեղի կունենա հանդիպում, մենք կվավերացնենք
Հայաստանի մուտքը», - նշել է Նազարբաևը:
Նա ընդսմին հավելել է, թե հնարավոր է, որ մինչ այդ Ղրղըզստանը պատրաստ լինի:
Մեդվեդևն իր հերթին կարևորել է Եվրասիական տնտեսական միության գործունեությունը
հաջորդ տարվանից: «Մենք իրոք շատ մոտ գործընկերներ ենք, առջևում մեզ սպասում է
չափազանց լուրջ ինտեգրացիոն նախագիծ, որը մենք արդեն սկսել ենք: Ինչ վերաբերում է
Ձեր ասածին, ապրանքաշրջանառության աճին կամ փոքր-ինչ նվազմանը, այդ ամենն անցողիկ
է, ամեն բան, հաստատ, կկարգավորվի: Ամենագլխավորն այն է, որ ինտեգրացիոն
գործընթացն ինքնին սկսվել է», - եզրափակել է Ռուսաստանի վարչապետը:
Նշենք,
որ Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարաններն արդեն վավերացրել են ԵԱՏՄ-ին Հայաստանի
անդամակցության շուրջ պայմանագիրը, որը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Հերթը
Բելառուսի և Ղազխաստանի խորհրդարաններինն է: