Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի որոշումը, որով Ilur.am-ին և «Հրապարակ»-ին պարտադրվում է բացահայտել իրենց սեփական աղբյուրները, հանդիսանում է Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու կոպիտ փորձ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին Օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Ես նեղանում եմ, երբ մեր պաշտոնյաները փորձում են սահմանափակել այն
դաշտը, որը հասարակաությունը մեծ վարությամբ է բացել: Ինձ համար նման որոշումն անձնական
վիրավորանք է, քանի որ ես էլ ունեմ իմ փոքրիկ լուման այդ գործում»,-նշել է նա:
Իրավապաշտպանը նշել է, որ նման որոշումները հետընթաց են, քանի որ, նրա կարծիքով,
Հայաստանի միակ և ակնհայտ ձեռքբերումը խոսքի ազատությունն է: «Այլ հարց է, որ այդ
ազատությունը մեծ ազդեցություն չունի, ինչը հասարակության բացթողումն է, սակայն,
սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն կա, և մեզ դրանից զրկելն
անընդունելի է»,-ընդգծել է Ալավերդյանը:
Առաջին Օմբուդսմենը նշել է, որ էթիկական նորմերի և ԶԼՄ-ների ու
հասարակական կազմակերպույթունների շրջանակներում տեղեկատվական տարածությունում
պրոբլեմները կարգավորելու բազմաթիվ ձևեր կան: «Տեղափոխել հարցը դատարանի դահլիճ և
սկսել դատական քննություն` պարզապես աներևակայելի է»,-եզրափակել է նա:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և
Նորք-Մարաշ համայնքների դատարանում առաջին անգամ ընդունվեց մի վճիռ, որով
ԶԼՄ-ներին պարտադրվում է բացահայտել իրենց ինֆորմացիայի աղբյուրները:
Մասնավորապես, «Հրապարակ» թերթը և Ilur.am կայքը հրապարակել էին այն մասին, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը
կանգնեցրել է Արթուր Ալեքսանյանի ավտոմեքենան, հարվածել նրան և նրան ու նրա եղբորն
ատրճանակով սպառնացել: Հատուկ քննչական ծառայությունն այս կապակցությամբ հարուցել
է քրեական գործ, իսկ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ ծանր և
հատկապես ծանր հանցագործությունների դեպքում լրագրողին կարող է դատական կարգով
պարտադրվել բացել ինֆորմացիայի իր աղբյուրը: Մամուլի Ազգային ակումբն այս
կապակցությամբ արդեն հայտարարություն է տարածել, որում Վերաքննիչ դատարանից
պահանջում է վերանայել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի
որոշումը: Մասնավորապես, ակումբը նշում է, որ ինֆորմացիայի աղբյուրը դատարանը
կարող է պարտադրել բացել միայն ծայր աստիճան անհրաժեշտության և հասարակության
համար դրանից բխող անժխտելի շահի առկայության դեպքերում, ինչը բացակայում է սույն
գործում: