ԵԱՀԿ Մինսկի խմբին դարձյալ չի հաջողվել կազմակերպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրը խմբում ներառված երկրներից մեկի պատվիրակությունում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսվում էր հունիսի 12-ին Զալցբուրգում, չի կայանա: Աղբյուրի կանխատեսումներով, այժմ նման հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել ոչ ավելի վաղ, քան ամռան վերջին կամ աշնան սկզբին։
Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկյան համանախագահ Յան Քելլիի գրասենյակում հաղորդել էին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը համաձայնության են հանգել նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու շուրջ: Գրասենյակում նշել էին, որ համանախագահները կշարունակեն համատեղ աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ` նման հանդիպում նախապատրաստելու համար, սակայն հանդիպման որոշակի ժամկետ չէր նշվել: