Ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը CNN-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ երկակի քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
ՙAnderson Cooper 360՚ հաղորդման ընթացքում, որի մասնակիցները դատապարտել են Իրանի քաղաքականությունը Հոլոքոստի ճանաչման հարցում, Մարկ Կիրակոսն ընդգծել է, որ ԱՄՆ հենց նման դիրքորոշում է դրսևորում Հայոց ցեղասպանության հարցում: ՙԱՄՆ Թուրքիայի ամենագլխավոր դաշնակիցն է այդ տարածաշրջանում: Մինչդեռ այդ երկիրը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման, որպես նախագահի պաշտոնի թեկնածու, ասում էր, թե ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, իմ կարծիքով, այստեղ գործող քաղաքական դինամիկան, իմ կարծիքով, մի փոքր երեսպաշտական է՚, - ընդգծել է փաստաբանը:
Նշենք, որ CNN հեռուստաալիքը եթեր էր հեռարձակել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Պետության ղեկավարն իր ելույթում Հոլոքոստն անվանել էր ՙդատապարտման արժանի նացիստական հանցագործություն ընդդեմ հրեաների՚: Սակայն ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքել էր իրանական ՙՖարս՚ լրատվական գործակալությունը, որը հաղորդել էր, թե նախագահի խոսքը կրճատվել էր, իսկ ելույթի տեքստը խեղաթյուրվել թարգմանչի կողմից: