Դեկտեմբերի 17-ին ՀՀ Աժ ընդդիմադիր խմբակցությունները /ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚ և Հայ ազգային կոնգրես/ երթ կանցկացնեն`ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և կդիմեն Սահմանադրական դատարան`այդ օրենքի սահմանադրականությունը քննարկելու նպատակով:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը, չի բացառվում, որ երթը վերաճի հանրահավաքի: Նա հայտարարել է, որ ՍԴ դիմելու անհրաժեշտություն առաջացել է, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը համաձայն չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: Պատգամավորը նաև խոստացել է, որ ՍԴ կողմից ընդդիմադիրների դիմումը մերժելու դեպքում իրենք կրկին այդ հարցի առնչությամբ խորհրդարանի արտահերթ նիստ կգումարեն, ինչպես նաև կփորձեն հասնել համաժողովրդական հանրաքվեի անցկացմանը:
Մինասյանը հաղորդել է, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորական ստորագրության փոխարեն արդեն կա 32 ստորագրություն: Նշենք, որ 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հասարակական մեծ արձագանք է գտել Հայաստանում, քանի որ համընդհանուր սոցիալական ճգնաժամի պայմաններում քաղաքացիների վրա լրացուցիչ հարկային բեռ է դրվում: