Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Հարցազրույցի պահանջի վերացմամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:
ՙՀարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական, առևտրային շփումների ավելացմանը: Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղևորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները՚,- ասել է հյուպատոս Ջորջ Լիննը: