Միացյալ
Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի`
Ադրբեջանում գերության մեջ մահվան վերաբերյալ հաղորդումների և այն պնդումների
առնչությամբ, թե նրա մահը բնական պատճառներով չէր հարուցված: Այդ մասին ասվում է
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակի հայտարարությունում` ի պատասխան Հայաստանի
հանրային հեռուստատեսության թղթակցի հարցմանը:
«Միացյալ Նահանգներն անկեղծ ցանակցություն է հայտնում
Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում
անցկացնել այդ միջադեպի լիակատար և թափանցիկ հետաքննություն և հրապարակել
արդյունքները», - ավսում է հայտարարությունում:
Խոսնակի գրասենյակը նաև Ադրբեջանին և Հայաստանին
հիշեցնում է միջազգային հումանիտար իրավունքի գծով իրենց ստանձնած
պարտավորությունների մասին, մասնավորապես` գերիների նկատմամբ մարդասիրական
վերաբերմունքի հարցում: «Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում Կարմիր խաչի
միջազգային կոմիտեին տրամադրել բոլոր գերիներին այցելելու հնարավորություն», -
ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք,
որ ադրբեջանական կողմի պնդմամբ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան պատճառը եղել
է սուր սրտանոթային անբավարարությունը: Սակայն
հայկական կողմը պնդում է, որ նա մահացել է խոշտանգումների արդյունքում, քանի որ
Կարենը ոչ մի հիվանդությամբ չէր տառապում, մասնավորապես` սրտանոթային
անբավարարությամբ: Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարենի նկատմամբ անմարդկային
վերաբերմունքի մասին են խոսում նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված
տեսանյութերն ու լուսանկարները: Հայկական կողմը նյութեր է հավաքում Ադրբեջանում
գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի առնչությամբ միջազգային ատյաններ
դիմելու համար: Նաև բանակցություններ են վարվում զոհվածի դիակը Հայաստան
վերադարձնելու շուրջ: