«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը`
Beeline) և «Ամերիաբանկ» ՓԲԸ հայտարարում են Beeline բաժանորդների համար առցանց
վճարումների ծառայության մեկնարկի մասին։
«ԱրմենՏել» ընկերության
հաճախորդներին այսուհետ ընձեռվում է հնարավորություն Beeline բոլոր
ծառայությունների համար կատարել
վճարումներն առցանց` MasterCard և VISA
բանկային քարտերով։ Կապի ծառայությունների համար առցանց վճարումներն իրականացվում
են www.beeline.am կայքում։ Վճարումն իրականացնելու համար
բաժանորդը պետք է ունենա ցանկացած բանկի MasterCard կամ Visa բանկային քարտ,
ավելին` նույնիսկ անհրաժեշտություն չկա, որպեսզի քարտապանը գրանցի վիրտուալ քարտ։
Այս ծառայությունից կարող են օգտվել նաև
բոլոր նրանք, ովքեր ունեն ArCa վիրտուալ քարտ։
«ԱրմենՏել» ընկերության
և «Ամերիաբանկ»-ի այս համատեղ քայլը կարելի է համարել լուրջ ներդրում Հայաստանում
էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում։ Առցանց վճարումների ծառայության
մեկնարկը մեր գործընկերոջ հետ համատեղ ուղղված է
Beeline ծառայություններն առավելագույնս հարմար դարձնելուն, քանի որ այժմ
կապի ծառայությունների համար կարող են վճարել MasterCard և Visa բանկային քարտերի
քարտապանները, նույնիսկ առանց վիրտուալ քարտի գրանցման»,-նշեց «ԱրմենՏել»
ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կարևորելով անկանխիկ
գործառնությունների զարգացումը` Ամերիաբանկը մշակել է ծրագրային գործիք vPOS
(վիրտուալ տերմինալ), որը հեշտացնում է առցանց առևտուր իրականացնող կայքերում
VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա
սպասարկումը: «ԱրմենՏել»-ի և «Ամերիաբանկ»-ի
համատեղ նախաձեռնությունը նոր հնարավորություն է ստեղծում Beeline բոլոր
ծառայությունների վճարներն առցանց ընդունելու համար: Առցանց գործարքների բարձր
անվտանգությունն ապահովված է VbV (Verified by VISA) և 3DSecure տեխնոլոգիաների կիրառման
միջոցով»,-նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
Պատասխանելով ԱրմԻնֆո
գործակալության թղթակցի դիտարկումների և նպատակային աուդիտորիայի բացահայտման
վերաբերյալ հարցին, Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն
Բուրաստան Մովսիսյանը հաղորդել է, որ նպատակային աուդիտորիայի շարքում դիտարկվում
են ԱրմենՏելի բոլոր բաժանորդները, որոնք օգտվում են ոչ միայն ինտերնետից, այլ նաև
ֆիքսված կապից: «Մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում այդ ծառայություններից
օգտվողների թիվը հասցնել մինչև ինտերնետ-օգտատերերի 40%-ին»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ինտերնետում քարտերի սպասարկումն
ապահովելու համար Ամերիաբանկը ստացել է Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի
արտոնագիր, որը հնարավորություն է տալիս VISA, MasterCard և ArCa քարտերով
էլեկտրոնային առևտրի կայքերում ընդունել վճարումներ` Visa-ի Verified
տեխնոլոգիական ապահովման միջոցով:
Առցանց վճարումների
ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային
համարը, վճարման չափը և իր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան
բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն
(Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը:
«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը,
որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են
ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային
կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում,
Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական
Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի
ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice»,
«Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy»
ապրանքանիշերի ներքո: 2013թ. Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների
թիվը կազմում էր 219 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ
բորսայում VIP նշումով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: