Մինչ այժմ Հայաստանը չունի Վրաստանի հետ միջպետական հարաբերությունների համար մշակված որևէ քաղաքական ծրագիր: Եվ կարելի է համարել, որ մենք մեր դաշնակցին ուղղակի ՙտվել ենք՚ Թուրքիային և Ադրբեջանին, թեև շատ հարցերում կարող էինք նպաստել այդ երկրում ազգամիջյան հարաբերությունների լուծմանը`մեծ և ամուր սփյուռքի առկայության շնորհիվ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով, խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը չունի միասնական քաղաքական կողմնորոշիչ, չկա ՙճանապարհ՚, որով պետք է առաջ ընթանանք:
Նման իրավիճակի պատճառն այն է, որ երկրի քաղաքական դաշտը փաստորեն չի գործում, այն կաթվածահար է, և իշխանության հետաքրքրությունները սահմանափակվում են անձնական ֆինանսական շահերով: Այդ պատճառով Հայաստանն ի վիճակի չէ նախաձեռնող արտաքին քաղաքականություն իրականացնել: Եթե Հայաստանն անկախ պետություն է, ոչ ոք, այդ թվում`Եվրամիությունն, իրավունք չունի կանգնեցնել մեզ ՙկամ-կամ՚ ընտրության առաջ:
Պատասխանելով Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին`Մանուչարյանն այդ երկիրը համարել է հավերժ դաշնակից և տնտեսական գործընկեր, և որևէ հիմք չկա այդ երկրին այլ կերպ վերաբերելու համար: Նա քննադատության է ենթարկել ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում, այդ թվում`ղարաբաղյան հարցում: Մանուչարյանը գտնում է, որ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը 1993 թ. ի վեր կարող էր առաջ շարժվել, եթե չլինեին ամերիկյան շահերը, որոնք փաստորեն արգելակել են այն: