ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններն այն մասին, որ եկել է ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման ժամանակը, որևէ կապ չունեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության հետ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
ՙՎստահ եմ, որ Օբամայի`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված նամակը և համանախագահ Ուորլիքի հայտարարությունը գրվել են Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից առաջ՚,- նշել է փորձագետը: Ըստ որում, նա գտնում է, որ ամերիկյան կողմի հիմնական շեշտադրումները վկայում են ղարաբաղյան հարցում նախկին քաղաքականության շարունակման մասին: ՙՕբաման ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, մասնավորապես`բանակցային գործընթացի ձևաչափը և բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՚,- ասել է քաղաքագետը:
Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը, որում վերջինս նշել է, որ ժամանակն է նոր ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության հաստատման համար`այն փոխզիջումների հիման վրա, որոնք ձեռք են բերվել բանակցությունների միջոցով: