Հունիսի 11-ին ՀՀ խորհրդարանում խորհրդակցություններ են տեղի ունեցել վերջերս կառավարող կոալիցիայից դուրս եկած ՙՕրինաց երկիր՚ խմբակցության, ՙԲարգավաճ Հայաստանի՚ և ՙԺառանգության՚ միջև:
ՕԵԿ նախաձեռնությամբ քննարկվել են ընտրական օրենսգրքում բարեփոխումները, որոնք ենթադրում են անցում խորհրդարանական ընտրությունների 100% համամասնական ընտրակարգի:
'
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՕԵԿ խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են հանգել այդ հարցի առնչությամբ: Նրա խոսքով, քննարկվել են նաև 12 կետերը: ՙՕրինաց երկիրը՚ պատրաստ է համագործակցել ՙքառյակի՚ հետ դրանց իրականացման ուղղությամբ: Սակայն, քառյակին ՕԵԿ-ի միանալու հարցը չի քննարկվել: ՙԸստ էության, հրատապ խնդիրների լուծման համար դա պարտադիր չէ՚,- ասել է Մարգարյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ՕԵԿ-ը նախատեսում է հանդիպումներ անցկացնել նաև ՀՅԴ-ի և Հայ ազգային կոնգրեսի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ոչ իշխանական քառյակը /ՙԺառանգություն՚, Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚/ հունիսի 10-ին հրապարակել է հանրապետությունում իրավիճակի առողջացմանն ուղղված իր 12 կետերը:Որպես առաջին քայլ`քառյակն առաջարկում է հրաժարվել պարտադիր կուտակային համակարգից: Այնուհետև առաջարկում են վերանայել տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը. տուգանքների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը: Քառյակը պահանջում է առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Նրանք նաև պահանջում են կրկնապատկել գյուղմթերքների արտադրությունը, գյուղատնտեսությանը տված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Քառյակը պահանջում է հաստատել ՙՆաիրիտ՚ գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատակիցների` աշխատավարձերի գծով կուտակված պարտքը: Քառյակի ներկայացուցիչները պահանջում են հրաժարվել Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման ծրագրից: Նրանք նաև պահանջում են հրաժարվել հասարակական տրանսպորտով երթևեկության սակագների բարձրացման գաղափարից: Փաստաթղթում կոչ է արվում նաև ընդունել տնտեսական մենաշնորհների առկայությունն արգելող օրենսդրություն: Քառյակը նաև պահանջում է կատարել ՙԸնտրական օրենսգրքի՚ փոփոխություններ, որոնցով սահմանվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ:Նրանք պահանջում են նաև ընդդիմությանը վերահսկողական լիազորությունների տրամադրում: Վերջում պահանջվում է չստորագրել Լեռնային Ղարաբաղի շահերին հակասող որևէ փաստաթուղթ: