ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանն անհրաժեշտ է համարում Երևանի հավասարաչափ զարգացումը: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
ՙՄենք հաճախ ենք ասում, որ երկու Երևան կա՝ Կենտրոնը և մնացածը: Ես կասեի, որ երկուսից շատ ավելի Երևան կա՝ Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն, Կենտրոն, մյուս վարչական շրջանները և դրանց ծայրամասերը: Սրանք բոլորը միմյանցից տարբերվում են: Տարբերությունը հսկայական է հատկապես Փոքր կենտրոնի և ծայրամասերի միջև: Երևանի հավասար և ամբողջական զարգացումն իսկապես այսօր քաղաքի առաջնային խնդիրներից մեկն է, և դրա իրականացման քաղաքականությունը ոչ թե պետք է լինի այն, ինչ առ այսօր եղել է՝ Կենտրոնից դեպի ծայրամասեր, այլ արդեն ճիշտ հակառակը՝ ծայրամասերից դեպի Կենտրոն: Կարծում եմ՝ արժե լրջորեն մտածել, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենա իրեն համազոր փոքր կենտրոնը, իր ՙԱբովյան ու Թումանյան՚ փողոցները: Այս մոտեցումը միանգամից կփոխի ժողովրդի ակնկալիքները, կմեծացնի հնարավորությունները և, բեռնաթափելով Կենտրոնը, նոր արժեք կստեղծի քաղաքի այլ հատվածներում:
Ինչ վերաբերում է ծայրամասերում ժողովրդի կենցաղային խնդիրներին, ասեմ, որ պարզապես անընդունելի է, որ մինչ այժմ դրանք չեն լուծվել: Այդ խնդիրների առկայությունը քաղաքային իշխանությունների՝ տարիների անտարբերության, նույնիսկ կասեի՝ անխղճության արդյունքն է:
Պատկերացրե՛ք, որ մարդիկ շատ բան չեն էլ պահանջում։ Պահանջում են այն, ինչ իրենց նվազագույն հասանելիքն է, այն, ինչ նրանց տարիներ շարունակ խոստացել են՝ ջուր, լուսավորություն, նորմալ ճանապարհ, տրանսպորտային նորմալ հաղորդակցություն, նորմալ դպրոց, մանկապարտեզ և այլն՚,- գրում է պատգամավորը: