Հայաստանը, որպես սահմանափակ պաշարներով փոքր երկիր, պետք է մասնակցի համաշխարհային դիվանագիտությանն այնպես, ինչպես` եթե լիներ գերտերություն: Այդպիսի կարծիք է հայտնել բրիտանական Links ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, Commonspace.eu ռեսուրսի քաղաքական խմբագիր Դենիս Սամուտը` մայիսի 22-ին Օքսֆորդում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին առնչվող իր հոդված-մեկնաբանության մեջ:
Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ խնդիրը, հնարավոր է, Ռուասաստանի հետ իր հարաբերւոթյունները կառավարելն է: Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը ռազմական, ֆինանսական և տնտեսական ոլորտներում մտահոգության աղբյուր է Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այդուհանդերձ, Հայաստանի ընտրությունն այդ հարցում սահմանափակ է: Հայաստանն զգում է, որ պետք է հաշվեկշռի իր թշնամուն` Ադրբեջանին, որի հետ առաջվա նման տեխնիկապես պատերազմական վիճակում է, և` Թուրքիային, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:
Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ջանքերը ոմանց համար անակնալ էին, սակայն դա այժմ Հայաստանին գործողությունների որոշ ազատություն է տալիս: Առաջիկայում Հայաստանն ասոցացման շուրջ համաձայնագիր կստորագրի ԵՄ հետ: Հայաստանը նաև պետք է կառավարի իր հարաբերությունները Վրաստանի հետ` անկախ Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ հետ նրա հարաբերություններից:
Փորձագետը կարծում է, որ հայկական դիվանագիտությունը Նալբանդյանի ղեկավարությամբ բոլոր այդ հարցերում զարմանալիորեն ճկուն և հարմարվող է եղել, նույնիսկ, երբ հաճախ թվացել է, թե Հայաստանի դիվանագետները շարժվում են բարակ սառույցի վրա. 2009 թվականին Թուրքիայի հետ շփում հաստատելը, հիասթափություն հայտնելը, երբ թուրքերը նահանջեցին, քայլը դեպի ԵՄ հետ ազատ առևտրի շուրջ համապարփակ համաձայնագիր, չնայած Հայաստանին Եվրասիական միությունում ներգրավելու Ռուսաստանի փորձերին, ՀԱՊԿ անդամությանն ու ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շուրջ գործող համաձայնագրին:
Այդուհանդերձ, մեկ հարցում ճկունությունը լիովին անհետանում է: Ղարաբաղյան հարցի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը, գործնականում չի փոխվել Նալբանդյանի պաշտոնավարման ընթացքում: Հայաստանի աջակցությունը բանակցությունների ընթացիկ ձևաչափին, ընդհուպ` չնչին մանրամասներին, առնվանզ, տաօրինակ է: Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է ղարաբաղյան հաշտության գործընթացի ձախողման համար: Սակայն, եթե դա նույնիսկ այդպես լիներ, ապա ճկունությունը դիվանագիտությունում հաճախ ավելի լավ է, քան կոշտությունը:
Դենիս Սամուտի կարծիքով, Նալբանդյանը կարծում է, որ արտգործնախարարի առաջին գերակայությունը իր երկրի շահերի նկատմամբ լոյալությունն է: Հայաստանում այդ շահերը որոշում է նախագահը: Նախագահն ու արտգործնախարարը պետք է մտածեն, թե ինչն է աշխատում Հայաստանի արտաքին քաղաքականությունում, և ինչը` ոչ, և քննարկեն, թե ճկունությունն ինչպես կարող է բարերար լինել արտաքին քաղաքականության բոլոր ասպեկտներում, ամփոփել է փորձագետը: