Հայ ազատամարտիկները մտադիր են մարտի 1-ին բողոքի
հանրահավաք անցկացնել ընդդեմ Հայաստանի իշխանությունների ներկայիս
քաղաքականության:
Այդ մասին հայտարարվել է փետրվարի 25-ին կայացած մամուլի
ասուլիսում, որի մասնակիցներն էին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների
ակտիվ մասնակիցներ Սուրեն Սարգսյանը, Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանն ու
այլոք: Նրանց կարծիքով, Հայաստանը կարող է հայտնվել քաղաքացիական դիմակայության
շեմին, քանի որ երկրի իշխանությունը գողերի և ավազակների ձեռքում է:
Մամուլի
ասուլիսի մասնակիցների ասելով, անհրաժեշտ է գործուն հակազդեցություն ներկայիս
քաղաքականությանը, ինչի առնչությամբ որոշում է կայացվել հանրահավաք անցկացնելու
մասին, որին կմասնակցեն շուրջ 3 հազար ազատամարտիկներ: Հանրահավաքի օրվա ընտրությունն
էլ պատահական չէ, քանի որ 2008 թվականին հենց այդ օրը իրավապահ մարմինների
գործողությունների արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200 մարդ տարբեր
աստիճանի ծանրության վիրավորումներ ստացան: Ազատամարտիկները երկրի քաղաքացիներին
կոչ են արել միանալ բողոքի ակցիային: