Հայաստանը մտադիր է Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, Մաքսային միությանը անդամակցությունը չի նշանակում քաղաքական երկխոսության դադարեցում ԵՄ-ի հետ:
Նա նշել է, որ հակառակ այն պնդումներին, որ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրին, ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է: Հայաստանը միշտ համարել է, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, և մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում։
Աշխատակազմի ղեկավարը նաև ընդգծել է, որ Հայաստանի վրա ոչ մեկը ճնշում չի գործադրել Մաքսային մությանն անդամակցելու համար: ՙՈչ մեկը Հայաստանի հետ չի խոսում վերջնագրերի կամ պայմանների լեզվով։ Տվյալ դեպքում իրավիճակը ճիշտ հակառակն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե շահագրգռված է եղել և հայտնել է հանրայնորեն այդ շահագրգռվածության մասին մասնակցելու Մաքսային միության ստեղծմանը։ Դեռ տարիներ առաջ այդ մասին խոսվել է բաց և հստակ։ Մեզ ասվել է այն ժամանակ, որ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին և մենք աշխատանքային մակարդակում ունեցել ենք փորձագիտական խմբեր, որոնք աշխատել են՝ այդ իրավիճակում լուծումներ գտնելու համար։ Վերջին փուլում նրանք կարողացան ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել այդ բարդությունը և դարձնել մասնակցությունը Մաքսային միությանը արդյունավետ և օգտակար Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով մեր տնտեսության այսօրվա կառուցվածքը և առաջիկա տարիների զարգացման հեռանկարները՚,-նշել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Վիլնյուսում տեղի կունենա Եվրամիության ղեկավարության և ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագրի մասնակից-երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում սպասվում է մի քանի երկրների, այդ թվում նաև Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման և Ազատ խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրերի նախաստորագրումը:
Սակայն, սեպտմբերի 3-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմտնի Մաքսային միություն, հետագայում մասնակցելով նաև Եվրասիական միության ձևավորմանը: Պուտինը սատարել է Սարգսյանի հայտարարությանը և խոստացել աջակցել Երևանի անդամագրմանը: Սակայն, ԵՄ արտասահմանյան գործերի և անվտանգությնան քաղաքականության գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղարն այսօր հայտարարել է, որ ընդունված որոշման համար Բրյուսելը Երևանից պարզաբանումներ է ակնկալում: