Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայանի հին ուղևորատար տերմինալի շենքը ենթակա է քանդման, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը:
Նրա խոսքով, կոնցեսիոների հնգամյա մաստեր-պլանն այդ շենքի պահպանում չի նախատեսում: Մինչդեռ, ավելացրել է նա, քննարկվում է վերջինիս տարածքում ճարտարապետական այգի ստեղծելու տարբերակը: Նման այգու ստեղծման գաղափարը դեռ դեկտեմբերի 26-ի կառավարության նիստում հնչեցրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ կառավարությունը հաստատել է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած 2013-2017թթ. մաստեր-պլանը:
Վարչապետն անդրադարձել է օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման կոնցեսիոների առաջարկին: Մասնաշենքի պահպանումը խիստ ծախսատար է, պահանջում է 15-20 մլն դոլարի ներդրում: Բայց քանի որ մեր ճարտարապետներն այդ կառույցը համարում են սովետական շրջանի մոդեռնիստական ճարտարապետության արժեքավոր նմուշ, Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի միջոցով դիմել է կոնցեսիոներին` խնդրելով հարցը նորից քննարկել: Վարչապետը ողջամիտ է համարել այդ տարածքում այգի հիմնելու առաջարկը. այգում կարող են տեղադրվել ճարտարապետական հետաքրքիր լուծում ունեցող այլ կոթողներ ևս, որոնք գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար: