ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին խորհուրդ է տվել զերծ մնալ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից, հայտնում է ՙՄարմարա՚ թերթը:
Սեպտեմբերի 5-ին Երևանում Ֆրանսիայի խորհրդարանի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Ռուն նշել էր, որ 2015 թվականին, հնարավոր է, Ֆրանսիայում ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Սեպտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն խորհրդարանին է ներկայացրել 20-րդ դարում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը: ՙԵս առաջարկում եմ, որպեսզի օրենքով ժխտումն այլևս չդիտարկվի որպես խոսքի ազատության ոտնահարում, այլ դասակարգվի որպես մարդկության դեմ հանցագործություն: Դա ունի երկու առավելություն` դուրս գալ իրավաբանական փակուղուց, ինչն առաջացավ ազատ արտահայտման վերաբերյալ Սահմանադրական խորհրդի կարծիքից հետո, ինչպես նաև պաշտպանել մեր օրենսդրությամբ ճանաչված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը՚,-նշել է ֆրանսիացի պատգամավորը: Նա նաև հաղորդել է, որ նոր օրինագիծը կտեղադրվի Ֆրանսիայի ԱԺ պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի ԱԺ հավանություն է տվել նշված օրինագծին, որով արգելվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը պարունակող հրապարակային արտահայատույթունների օգտագործումը: Սակայն, օրինագիծը գոյատևեց մոտ 2 ամիս, քանի որ 2012 թվականի փետրվարին երկրի Սահմանադրական դատարանը մերժեց այն` համարելով այն երկրում խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ: