Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ:
Ինչպես նշվում է քաղաքապետարանի կայքում զետեղված հայտարարության մեջ, Հանրապետության հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իսկ հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էապես աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության պայմանները: Նշվում են համաքաղաքային միջոցառումների իրականացման ժամանակ որոշակի դժվարությունները զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում: Քաղաքապետարանը խոստանում է
մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության արժանացնել հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող անհատ ճարտարապետներ, ճարտարապետներից և հարակից մասնագետներից կազմված ստեղծագործական խմբեր և ճարտարապետական ստեղծագործական արվեստանոցներ: Մրցութային աշխատանքների սկիզբը սահմանվում է 2013 թվականի մայիսի 29-ը, իսկ ավարտը՝ 2013 թվականի օգոստոսի 29-ը: Մրցութային առաջարկությունները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2013 թվականի օգոստոսի 29-ը: Մրցութային հանձնաժողովը գլխավորում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Մրցույթի արդյունքներով ընտրված երեք լավագույն աշխատանքները կպարգևատրվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներով, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 1 մլն դրամական պարգևով: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ ուշադրության արժանացած ևս երեք աշխատանքներ կարող են ստանալ խրախուսական մրցանակներ, յուրաքանչյուրը՝ 500 հազար դրամական պարգևով: