Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ Անկարայի հայտարարությունները միֆ են, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Նա վստահ է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի Երևան այցի շուրջ հայկական մի շարք ԶԼՄ-ների աժիոտաժը միմիայն ձեռնտու է թուրքական քարոզչությանը: Հիշեցնենք, որ թուրք նախարարը Երևան է ժամանելու դեկտեմբերի 12-ին`ՍՏՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
ՙՄենք ոչ մի կերպ չենք կարող հասկանալ, որ Դավութօղլուն ոչ թե Հայաստան այց է կատարում, այլ ժամանում է Երևան`միջազգային գագաթնաժողովի մասնակցելու նպատակով: Դրանք տարբեր բաներ են, և, կարծում եմ, պետք չէ միֆ ստեղծել այդ այցի շուրջ՚,- նշել է Բեքարյանը: Նրա խոսքով, Անկարան իրականում տրամադրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, իսկ Երևանի հետ երկխոսություն հաստատելու վերաբերյալ Դավութօղլուի`պարբերաբար հնչող հայտարարությւոնները PR-ակցիա են:
Մեկնաբանելով ՙԱռավոտ՚ թերթի տեղեկատվությունը, թե ՀՀ ԱԳՆ-ը հարաբերությունների կարգավորման ՙճանապարհային քարտեզ՚ է առաջարկել Անկարային` Բեքարյանը նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն հերքել է այդ հրապարակումը, և նման հրապարակումների վրա հիմնվելն այս իրավիճակում անիմաստ է: ՙԵվ քանի որ այլ աղբյուրներ չունենք և չի կարող լինել, որևէ գուշակություն անելն անօգուտ զբաղմունք կլիներ՚,- գտնում է փորձագետը: