Air Armenia ավիաընկերությունը բացել է Երևան-Սանկտ Պետերբուրգ ուղիղ չվերթ, հաղորդել է ՙՀյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ՚ ՍՊԸ, որը կառավարում է Սանկտ Պետերբուրգի ՙՊուլկովո՚ օդանավակայանի ենթակառուցվածքը: Հաղորդման մեջ նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթը մեկ անգամ` շաբաթ օրերը: Առաջին չվերթն իրականացվել է նոյեմբերի 16-ին: Երևանից Սանկտ Պետերբուրգ թռիչքի տևողությունը 3 ժամ 35 րոպե է:
Հիշեցնենք, որ Air Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 23-ին իրականացրել էր Երևան–Ռոստով–Երևան առաջին չարտերային չվերթը: Ընկերությունը թույլտվություն ունի թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սոչի, Կրասնոդար Դոնի Ռոստով:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հաղորդել էր ընկերության նախագահ Վահան Հարությունյանը, 2014 թվականին ընկերությունը մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և այդ նպատակով ծրագրում է լիզինգով լրացուցիչ ինքնաթիռներ ձեռք բերել։
Նշենք, որ ՙAir Armenia՚ ՓԲԸ ստեղծվել է 2003 թվականի ապրիլին և մինչև 2013 թիվը բեռնափոխադրումներ էր իրականացնում։