Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները
հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր
մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի
վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում,
ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն
օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների
վերաբերյալ տեղեկատվությունը£
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի
ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության
ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի
ձևավորումը:
Նշենք, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի
փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ արդեն գերազանցել է 454 դրամ/$1 նշագիծը`վերջին 2,5
ամսում շուրջ 12% արժեզրկմամբ: Տվյալ պահին (14:00) փոխանակման կետերում դոլարի
առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 450/458 դրամ/$1, եվրոն` 554/574 դրամ/1 եվրո,
ռուսական ռուբլին` 8,4/9 դրամ/1ռուբլի: Օպտիմալ փոխարժեքը Հայաստանի բանկերում
սահմանվել է` ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 450,00 դրամ 1 դոլարի
դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 556,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական
ռուբլու առքի գինը` 8,00 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն
գինը կազմել է 453,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 567,00
դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9,55 դրամ 1 ռուբլու
դիմաց: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 5-ը
ներառյալ իրականացվել է $396.5 մլն գումարի արժութային գործարք, իսկ փոխարժեքը
բարձրացել է 407,14-ից մինչև 438,62 դրամ/$1:Ըստ որում, բորսայական գործարքների
այդ ծավալից շուրջ $117 մլն բաժին է ընկել միայն նոյեմբերին: Անցած շաբաթ
(դեկտեմբերի 1-5) արժութային գործարքների միջբանկային շուկան աննախադեպ մաքսիմում
է գրանցել` $59.3 մլն, ձևավորելով փոխարժեք 442,42 դրամ/$1 մակարդակի վրա, ինչի
պայմաններում բորսան, շաբաթն սկսելով $3.5 մլն ծավալով (դեկտեմբերի 1), հաջորդ
չորս օրերին ընդհանրապես գործարք չի իրականացրել: