2014 թվականի հունվարից ԱՊՀ-ում նախագահող Ուկրաինան
մտադիր է դուրս գալ Համագործակցությունից: Մարտի 12-ի երեկոյան այդ մասին
հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Ուկրաինացի
դիվանագետի հավաստմամբ, իրենց նման մտադրության պատճառն ինտեգրացիոն այդ
միավորման` Համագործակցության մասնակից երկրների միջև հակամարտություններում
միջնորդի դերում հանդես գալու ունակության լիակատար բացակայությունն է:
Կիևն արդեն երկու անգամ բարձրացրել է ԱՊՀ երկրների
արտգործնախարարների նիստ անցկացնելու հարցը` Ուկրաինայում և Ղրիմի
ինքնավարությունում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Առաջարկությունը
վերաբերում էր մարտի 7-ին Կիևում նշանակված հանդիպմանը, որը տեղափոխվեց մարտի
12-ին: Սակայն մարտի 11-ին Մինսկում ԱՊՀ երկրների մշտական լիազոր
ներկայացուցիչների խորհրդի նիստում Համագործակցության երկրները հրաժարվել են
մասնակցել Ուկրաինայի նիստին, ինչը Կիևը գնահատել է որպես «ինքնահեռացում
Ուկրաինայի և Ղրիմի իրավիճակի քնարկումից»: