Հայաստանը ոչ թե տնտեսական, այլ անվտանգության նկատառումներից ելնելով է որոշել միանալ Մաքսային միությանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել հայտնի ֆրանսիացի քաղաքագետ Լոր Դելկուրը:
«Մենք տեսանք, որ երկիրը իսկապես ցանկանում էր համապատասխանել Եվրամիության չափանիշներին, որովհետև ԵՄ-ի համագործակցության ծրագիր ու օրինակ էր ներկայացրել: Հայաստանի համար դա հստակ նպատակ էր այն ժամանակ` Վրաստանի հակամարտության և Թուրքիայի հետ չստացված հարաբերություններից հետո: Միանշանակ, պատկերը հիմա այլ է. Եվրամիությունը վերանայելու է Հայաստանի հետ իր առաջարկները», - նշել է Դելկուրը:
Երկրում աղքատությունը, արտագաղթը, հակամարտությունները և ներքին քաղաքական զարգացումները ուսումնասիրող գիտնական քաղաքագետը կարծում է, որ Եվրամիության հետ մոտ չորս տարի տևած բանակցությունները իզուր չէին. «Հայաստանը որոշ բարեփոխումներ իրականացրեց Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի բանակցությունների ընթացքում: Ու թեև այս բարեփոխումները լիարժեք գործի չդրվեցին, դրանք որոշակի ազդեցություն կունենան: Հայաստանի համար դժվար է լինելու Եվրամիության չափորոշիչներից անցում կատարել ռուսական ստանդարտներին: Օրինակ՝ սննդի անվտանգության ոլորտում, որտեղ Հայաստանը լուրջ բարեփոխումներ էր կատարել Եվրամիության չափանիշներին համապատասխանելու համար, հիմա պետք է ռուսականին համապատասխանեցնի, ինչը բոլորովին այլ բան է: Հայաստանի համար սա թե՛ ֆինանսապես, թե՛ ադմինիստրատիվ առումով բարդ խնդիր է լինելու»:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կբացատրեր Հայաստանի հետ կապված որոշ ծրագրերի ֆինանսավորման շարունակումը Եվրամիության կողմից՝ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի անհաջողությունից հետո, Լաուրա Դելկուրը արձագանքել է. «Հարևանության ծրագիրը միայն Ասոցացման համաձայնագրի կամ տնտեսական համագործակցության շուրջ չէ կառուցվում: Երկրներ կան, ինչպես Ադրբեջանը կամ Բելառուսն են, որոնք ինչ-ինչ պատճառներով նույնիսկ չեն սկսել տնտեսական համագործակցության համաձայնագրի բանակցությունները: Այսինքն, բացի Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերից, շատ այլ ծրագրեր կան, որոնք Եվրամիությունը իրականացնում է իր գործընկեր երկրների հետ: Օրինակ՝ վիզաների դյուրացումը. այստեղ Հայաստանը հաստատուն առաջընթաց արձանագրեց: Այնպես որ, Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության առաջարկի մի մասն էր, և այն շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ այլ ոլորտներում»:
ֆրանսիացի քաղաքագետը նշել է, որ Եվրամիությունը հանկարծակիի եկավ Հայաստանի որոշումից, այսպիսի զարգացում ոչ ոք չէր սպասում: «Եվրամիությունը վստահաբար պատրաստ չէր Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը: Այն պլան Բ չուներ: Հիմա Եվրամիությունը պետք է մշակի այդ պլան Բ-ն այն երկրների համար, որոնք չեն ստորագրելու Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը; Եվ սա պետք է արվի հատկապես Հայաստանի համար, որը, ի տարբերություն Ադրբեջանի և Բելառուսի, հաջողությամբ ավարտին էր հասցրել բանակցային փուլը», - նշել է նա: