Արդեն երկրորդ անգամ մեկնարկել է Ամերիաբանկի ՙԱմերիա Սերունդ՚ ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում բանիմաց ու վառ անհատականություն ունեցող սկսնակ մասնագետներին իրենց աշխատանքային կենսագրությունը սկսելու ՙԱմերիա՚ թիմի կազմում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բոլոր այն երիտասարդները, որոնք ակտիվ են, եռանդուն, նպատակասլաց, ցանկանում են մասնագիտանալ բանկային գործում և ստացել են առնվազն բակալավրի աստիճան առաջատար համալսարանների ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում, կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար:
Ընտրական փուլը հաղթահարելու դեպքում երիտասարդները կանցնեն եռամսյա անվճար վերապատրաստում Ամերիաբանկի փորձառու մասնագետների կողմից: Նշենք նաև, որ վերպատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին: Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգշաբաթյա ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կստանան ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, մարքեթինգի ու հասարակության հետ կապերի մասին տեսական գիտելիքներ: Նրանք նաև կծանոթանան Ամերիա խմբի պատմությանը, գործարար էթիկային, բիզնեսի վարման փիլիսոփայությանը: Ծրագրի երկրորդ փուլը կտևի յոթ շաբաթ և կներառի գործառնական ուսուցում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Այստեղ արդեն երիտասարդները կարող են կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները, դրսևորել իրենց անհատականությունը, ինքնուրույնությունը, ինչպես նաև թիմում աշխատելու ունակությունը:
ՙԱմերիա Սերունդ՚ ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած երիտասարդներից լավագույնները կստանան աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար:
Նշենք, որ նախորդ տարվա ՙԱմերիա Սերունդ՚ ծրագրի 30 շրջանավարտներից 27-ը համալրել են ՙԱմերիա՚ թիմը` իրենց հետ բերելով նոր և համարձակ գաղափարներ: Աշխատելով Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների, Կորպորատիվ հաճախորդների սպասարկման, Առևտրային գործառնությունների, Ֆինանսական, Զարգացման, դեպարտամենտներում` նրանք արդեն իսկ աչքի են ընկել իրենց գիտելիքների ու հմտությունների զարգացմամբ:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2001 թվականի նոյեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս ՙԱմերիա գրուպը՚` կապիտալում 99,99 % մասնակցությամբ: Բանկն ունի 9 մասնաճյուղ, որոնցից 5-ը գտնվում է Երևանում, մեկական` Քաջարանում, Դիլիջանում, Վանաձորում և ԼՂՀ-ում: