Սևանից ջրի բացթողումների ավելացումը չպետք է հանգեցնի լճի բացասական հաշվեկշռի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ առաջիկա հինգ տարում Սևանից ոռոգման նպատակով բացթողումների առավելագույն չափաքանակը նախատեսվում է ավելացնել 170 մլն խմ-ից մինչև 240 մլն խմ: Ջրային տնտեսության պետկոմիտեն իր դիրքորոշումը հիմնավորում է այն բանով, որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ակունքներից սկիզբ առնող Սև ջուր գետը չի կարող ապահովել ոռոգման համակարգը:
Ինչպես խոստացել է նախարարը, եթե բացասական հաշվեկշիռ արձանագրվի, խնդիրը կկոորդինացվի հաջորդ տարի բացթողումների չափաքանակով: Նշելով, որ բացթողումների ավելացումը ժամանակավոր միջոց է`Հարությունյանը նշել է, որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ակունքների հետ կապված հարցերը կգտնվեն համապատասխան գերատեսչությունների ուշադրության ներքո:
Նրա խոսքով, այսօր արդեն փակվել է 50 ապօրինի արտեզյան հոր Արարատում և Արմավիրում: Բացի այդ, հետևողական աշխատանք կտարվի ձկնային տնտեսությունների հետ վերջիններիս`աշխատանքի կիսափակ ցիկլի անցման նպատակով:
Ավելի վաղ բացթողումները մինչև 240 մլն խմ ավելացնելու առնչությամբ իրենց մտավախություններն են հայտնել նաև ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը և ՙԹռչնասերների կենտրոնի՚ ղեկավար Սիլվա Ադամյանը: Փորձագետները նշել են, որ Սևանի մակարդակի մեկ բարձրացումը, մեկ իջեցումը սեյսմիկ ռիսկեր է պարունակում: Բացի այդ, այդ առաջարկը համարվել է ջրային ռեսուրսների հանցավոր կառավարման օրինակ: