Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով սպանվել էր ժամկետային ծառայության զինվոր Լյուքս Ստեփանյանը և ծանր վիրավորվել մյուս զինծառայողը` Հրաչյա Սարգսյանը, պաշտոնանկ է արվել այդ զորամասի վեց սպա: Քննարկվում է նաև գումարտակի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որն այդ ժամանակ գտնվել է պահակազորային ծառայության մեջ: Այս մասին ՙԱզատույթուն՚ ռադիոկայանին հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը, հետաքննությունը ցույց է տվել, որ պահակազորային ծառայության հսկողությունն իրականացնող սպան այդ պահին չի գտնվել պահակազորում: Թե որտեղ է նա գտնվել, պաշտոնապես չի նշվում: ՙՆրա գործը կառանձնացվի որպես առանձին քրեական վարույթ: Պահակազորային և կայազորային ծառայության Կանոնադրությունը, որն ունի օրենիքի ուժ, պատասխանատու անձի կողմից պահակազորային ծառայությունը խախտելու համար նախատեսում է քրեական պատասխանատվություն, եթե դա հիմնավորվի՚,-ասել է մամուլի քարտուղարը:
Նրա խասքերով, պաշտոնանկ են արվել գնդի հրամանատարի երկու տեղակալները, շտաբի պետի անձնակազմի գծով տեղակալը, ինչպես նաև այդ գումարտակի, այսինքն դիվիզիոնի, հրամանատարն ու նրա տեղակալը: Նշված սպաներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր Հովհաննիսյանը չի տեսնում:-