Տան համար շինանյութերի և ապրանքների վաճառքի եվրոպական ցանցային հսկա Praktiker Group-ը մուտք կգործի հայաստանյան շուկա: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, որոնց համաձայն`գերմանական շինարարական ռիթեյլերը տեղական շուկայում կհայտնվի արդեն ընթացիկ տարում:
Նշենք, որ Praktiker Group-ը տան համար շինանյութերի և ապրանքների վաճառքի գծով եվրոպական առաջատար ընկերություններից մեկն է: Եվրոպայի սահմաններում Praktiker –ը վստահորեն չորրորդ տեղն է զբաղեցնում: Այսօրվա դրությամբ Praktiker-ը Max Bahr-ի հետ միասին միավորում է աշխարհի 9 երկրում ներկայացված 439 խանութ`Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Հունգարիա, Հունաստան, Թուրքիա, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա: Եվրոպական հսկայի առաջին հիպերմարկետը բացվել է 1978 թվականին: Praktiker ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Համբուրգ քաղաքում /Գերմանիա/: Գերմանիայի սահմաններից դուրս Praktiker-ը շուրջ 110 խանութ ունի:
2011 թ. խանութների ընդհանուր շրջանառությունը հասել է շուրջ 3.183 մլրդ եվրոյի: Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 20 000 աշխատակից, որից շուրջ 9 000-ն աշխատում է Գերմանիայի սահմաններից դուրս: