«Կանխենք
ԷլեկտրաԷներգիայի սակագնի
հերթական բարձրացումը» քաղաքացիական
նախաձեռնությունը հունիսի 28-ին հասարակական լսումներ կանցկացնի: Այդ մասին
մամուլի ասուլիսում հաղորդել է նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը:
Նրա ասելով, չնայած այն հանգամանքինհ, որ նախորդ ակցիայի
ընթացքում Ոստիկանության աշխատակիցները անհամարժեք ուժ կիրառեցին ակտիվիստների
նկատմամբ, շարժման մասնակիցները վճռական են տրամադրված և կձգտեն բացատրություն
ստանալ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման առնչությամբ: «Մենք,
ինչպես և նախկինում, պահանջում ենք մանրամասն բացատրություն, թե ինչի հիման վրա է
կայացվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, և որտեղից փող
վերցնել Հայաստանում ամեն տարի բարձրացող կոմունալ ծախսերը վճարելու համար», -
նշել է նա:
Շարժման մեկ այլ անդամ` Արսեն Ադամյանը, տարակուսանք է
հայտնել այն առնչությամբ, թե ինչու երկրի քաղաքացիները պետք է վճարեն մասնավոր
ձեռնարկության վերանորոգման կամ ենթակառուցվածքի փոփոխության դիմաց: «Եթե ելնենք
այդ տրամաբանությունից, քաղաքացիները պարտավոր են լինելու վճարել մասնավոր
տաքսիստի հին մեքենայի վերանորոգման դիմաց», - նշել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տասնյակ ակտիվիստների ձերբակալմամբ և ծեծկռտուքով էր ավարտվել էլեկտրաէներգիայի գների հերթական բարձրացման դեմ հադես եկող քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցների ակցիան: Պետք է նշել, որ ոստիկանության շատ սպաներ թույլ են պատրաստված նման ակցիաներին,
հիստերիայի մեջ են հայտնվում, կորցնում ինքնատիրապետումը, ինչը վկայում են նրանց ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Ըստ երևույթին, ՀՀ Ոստիկանության ղեկավարությանը հարկավոր է ուշադրություն դարձնել տարակուսանք հարուցող այս հանգամանքի վրա:
Միևնույն ժամանակ նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀՀ հեռարձակած հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել էր, թե երկրում կենսական կարևորություն ունեցող խնդիրների շուրջ կարծիքների բախումները պետք է տեղի ունենան մամուլի էջերում և խորհրդարանում և ոչ մի դեպքում չպետք է վերածվեն բախումների ոստիկանների և ցուցարարների միջև: Միջադեպի առնչությամբ արդեն հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը,
ով, մասնավորապես, հիշեցրել է, որ ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին: