Երևանում տեղի է ունեցել ՙՔաղաքացիական պայմանագիր՚ միավորման կառավարման խորհրդի առաջին նիստը:
Կառավարման խորհրդի կազմի մեջ մտնում են` Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, Արսեն Խառատյանը, Արայիկ Հարությունյանը, Մարինե Մանուչարյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է Փաշինյանը, միավորման հիմնական և ամենակարևոր նպատակն է` խթանել հայերի մասշտաբային վերադարձը հայրենիք: ՙՇարժումը նաև իշխանափոխության նպատակ է հետապնդում: Ավելին, այն մասնակցելու է ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններին՚,- տեղեկացրել է Փաշինյանը:
Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը` Փաշինյանը նշել է, որ պետք է հստակ իմանալ, թե ինչ է ենթադրում այդ համագործակցությունը, և եթե համագործակցության վերաբերյալ պատկերացումները համընկնեն, այն հնարավոր կդառնա:
Նշենք, որ ՙՔաղաքացիական պայմանագրի՚ անդամ կարող է դառնալ Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի`18 տարին լրացած ցանկացած բնակիչ:
Պայմանագրին միացած անձինք պարտավորվում են չարտագաղթել Հայաստանից: Իսկ Սփյուռքի հայերի համար պայմանագիրը ենթադրում է առաջիկա հինգ տարում հայրենիք տեղափոխվելու պարտավորություն: