Իրավիճակի շարունակությունը, երբ Հայաստանի անվտանգությունը երաշխավորում էր Ռուսաստանը, իսկ Երևանը տնտեսական և քաղաքական սերտ համագործակցություն էր ծավալում Եվրոպայի հետ, այսօր անհնար է: Փոխվել է աշխարհաքաղաքականությունը, իրավիճակը տարածաշրջանում, և ամենագլխավորը`փոխվել է Ռուսաստանը, այդպիսի կարծիք է հայտնել ՙՆորավանք՚ հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Սարգսյանը:
ՙԵրևանն ավանդաբար Եվրոպայի հետ ասոցացումը դիտարկել է կոմպլեմենտարիզմի ամրապնդմանն ուղղված քայլի տեսակետից, Մոսկվան`որպես Հայաստանի առաջին քայլը, որը կարող էր վերջինիս Ռուսաստանի մրցակից երկրների շարքին դասել՚,- նշել է նա:
ՙՀետևաբար, հանրապետության եվրաինտեգրումը, նրա կարծիքով, այդքան ակտուալ չէր դառնա, եթե չլիներ Կրեմլի նախաձեռնած Եվրասիական միության նախագիծը: Այդպիսով, ՙԱրևելյան գործընկերության՚ երկրները կանգնել են ինտեգրման հիմնական վեկտորի կոշտ ընտրության առջև`ՙկամ-կամ՚ սկզբունքով:
Դեկտեմբերի 18-19-ին Երևանում ընթանում է ՙԱնվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում՚ միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչներն են ՙՆորավանք՚ գիտակրթական հիմնադրամը և ՙՊոլիտԿոնտակտ՚ քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ինքնիշխան ոչ առևտրային կազմակերպությունը: