Մաքսային Միությանը Հայաստանի միանալուն աջակցելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, ՄՄ անդամ երկրների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին նոյեմբերի 21-ին կառավարոթյան նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով, աշխատանքային խումբը ձևավորվել է 2 օր առաջ, որի առաջին նիստը նախատեսված է դեկտեմբերի 5-ին: Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված` ներկայացնել աշխատանքների ողջ ծավալը, որը Հայաստանը ՄՄ-ին միանալու համար պետք է կատարի յուրաքանչյուր ոլորտում, ինչպես նաև նախապատրաստել <աշխատանքային քարտեզը>` դեկտեմբերին հավանությոն տալու համար, նշել է վարչապետը: Նա նշել է նաև, որ օրերս Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի վարչապետների հետ, որոնք խոստացել են օժանդակել ՄՄ-ին Հայաստանի միանալու հարցում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը, հետագայում միանալով նաև Եվրասիական տարածքի հետագա ինտեգրմանը, որից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրեցին համատեղ հայտարարություն: