ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, որը կալանավորվել էր կռվին մասնակցելու համար, ազատ է արձակվել:
Ինչպես հաղորդել է Արսենյանի պաշտպան Հայկ Ալումյանը, բավարարվել է իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց, վերացնելու մասին միջնորդությունը, և նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Պաշտպանի ասելով, ազատ արձակելու համար դեր է խաղացել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի: Բացի այդ, Արսենյանը չի խուսափել կամովին ներկայանալուց, և, վերջապես, հակառակ կողմում կա անձ, ով ևս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, բայց այդ անձի նկատմամբ ի սկզբանե կալանք չի կիրռավել, և նա ստորագրությամբ ազատ էր արձակվել:
Հիշեցնենք, որ կրտսեր Արսենյանը կալանավորվել էր Երևանիբ գիշերային ակումբներից մեկում կռվին մասնակցելու համար և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, սակայն գործը վարող քննիչն աշխատանքից ազատվել է, հետագայում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ծառայողական լիազորությունները գերազանցելու համար: