ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա ոչ միայն մեր տարածաշրջանին բերել խաղաղություն, այլև միասին՝ բարեփոխումների միջոցով, տարածաշրջանը զարգացնել: Այսպիսի կարծիք է հայտնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ելույթ ունենալով ՙՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը՚ միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ թուրքական կողմից գործնական քայլեր չեն երևում՝ բացի հնչող հայտարարություններից: Սակայն, ըստ նրա, ՀՀ-ն շարունակում է հստակ շարադրել իր մոտեցումը, այն է՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների. սա է ապագայի ճանապարհը: Այս հարցում, ԱԱԽ քարտուղարի բնորոշմամբ, կարևոր է միջազգային գործընկերների ըմբռնումը:
Այսօր Երևանում SPECTRUM Ռազմավարական Վերլուծության Կենտրոնը կազմակերպել էր ՙՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը՚ միջազգային կոնֆերանսը: SPECTRUM ՌՎԿ նախաձեռնած քննարկումը վերաբերում էր Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերին: Կոնֆերանսին մասնակցում էիրն Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետներ և հետազոտողներ: Ելույթների հիմնական թեմաներն էին անվտանգության միջավայրը, ինչպես նաև եվրաատլանտյան և եվրոպական գործընկերության հեռանկարները Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական բացերը, տարածաշրջանի յուրաքանչյուր պետության զարգացման հիմնական ուղղությունները: