ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսին խորհուրդ է տվել Երևանի Ավագանու խորհրդի նախընտրական արշավը քաղաքական շոուի չվերածել :
ՙՀԱԿ ակտիվիստ Ալիկ Սարգսյանի և ՙIlur՚ կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպերը գտնվում են իրավական հարթության վրա, և պետք չէ տեղափոխել դրանք քաղաքական հարթություն: Նման դեպքերի հետաքննման համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք էլ պետք է զբաղվեն դրանցով, հետևաբար`ՀԱԿ-ը պետք է դիմի նրանց՚,- նշել է Շարմազանովը: Նա նաև ընդգծել է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս երկրում խոսքի ազատության օգտին և դատապարտոիմ է լրագրողների աշխատանքի խոչընդոտման հետ կապված ցանկացած միջադեպ: ՙՄենք բազմիցս հայտարարել ենք, որ նման երևույթները մեզ համար անընդունելի են՚,- նշել է նա:
Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում հաղորդել է, որ ապրիլի 23-ին
Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնություն է գործադրվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող ՙIlur՚ կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ։
Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ ՙոչ յուրային՚ լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատռոտել հագուստը։ Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երեւանի գործող ավագանի եւ ավագանու թեկնածու Արամ Պապայանը։
Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հարձակում է կատարվել Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: