Հրաչյա Հարությունյանի հարազատներին տեղեկատվություն չի տրամադրվում նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասել են Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը և քրոջ աղջիկ Անահիտ Մալյանը:
ՙՄինչ այժմ մեզ չեն հաղորդել, թե որտեղ է գտնվում Հրաչյան: Ենթադրում ենք, որ նա գտնվում է շոկային վիճակում և չի գիտակցում, թե ինչ է իր հետ տեղի ունենում, քանի որ եթե հասկանար, թե ինչ է իր շուրջ տեղի ունեցել, հաստատ չէր հագնի այդ խալաթը, քանի որ նա շատ հպարտ մարդ է: Ավելին, նա հոգեբանի կարիք ունի, ով կօգներ նրան դուրս գալ այդ իրավիճակից՚,-ասել է քրոջ աղջիկը: Ըստ որում, նա խնդրել է նաև չքաղաքականացնել այդ հարցը, քանի որ, նրա կարծիքով, այդ քայլը կարող է վատթարացնել մեղադրյալի վիճակը:
Հարությունյանի աղջիկն իր հերթին խնդրել է Հայաստանի իշխանությունների աջակցել իր հորը: ՙԽնդրում են Հայաստանի իշխանություններին աջակցել հորս արտահանձնման հարցում, եթե նա մեղավոր է, թող պատիժ կրի, բայց`սեփական հողում: Երբ 90-ական թթ. Հայաստանն օգնության կարիք ուներ`գտնվելով պատերազմական վիճակում, հայրս կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին: Իսկ հիմա նա է դժբախտության մեջ հայտնվել և սեփական երկրի աջակցության կարիքն ունի՚,- հայտարարել է նա: Լիլիթը հաղորդել է, որ մինչև Ռուսաստան մեկնելը հայրը Հայաստանում նույն աշխատանքով է զբաղվել և հիանալի վարում էր նմանօրինակ տրանսպորտ: Նա նաև հաղորդել է, որ հայրը Ռուսաստան է մեկնել ընդամենը երեք ամսով, բայց միաժամանակ դժվարացել է որևէ տեղեկատվություն տալ գործատուի և ֆիրմայի մասին, որի համար Հարությունյանն աշխատել է: ՙՈղբերգությունը տեղի է ունեցել արգելակման համակարգում անսարքությունների պատճառով, և եթե նայենք տեսանյութը, երևում է, որ նա փորձել է բեռնատարը հեռացնել բախումից, բայց, ցավոք, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու կիսում նրանց վիշտը՚,- ասել է Լիլիթը:
Փաստաբան Տարոն Սիմոնյանն ընդգծել է, որ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվել են մարդու իրավունքների աղաղակող խախտումներ և կատարվել մարդկային արժանապատվությունը վիրավորող գորողություններ: