Փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունը, ալեկոծությունները Մերձավոր
Արևելքում, ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև աճող լարվածությունը
Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում կանխատեսում են նոր սառը պատերազմ, իսկ
դա նշանակում է, որ Հայաստանն
ստիպված կլինի ապրել ավելի բարդ պայմաններում: ՀՀ խորհրդարանի ամբիոնից նման
կարծիք է արտահայտել հանրապետական պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն
համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը:
Նրա ասելով, պատմությունը
բազմաթիվ անգամ ապացուցել է, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում
լարվածության աճը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ այն հղի է հանրապետությունը
գերտերությունների շահերի բախման կետում հայտնվելով: «Այդ համատեքստում քաղաքական
ուժերին կոչ եմ անում դադարեցնել բաժանարար գծերի կիրառումը հայ
հասարակությունում, մասնավորապես, բաժանելով այն ռուսամետների ու
արևմտամետների»,-հայտարարել է Ֆարմանյանը: