ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բացառում է ՀՀԿ հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆոյի թղթակցին` մեկնաբանելով ՀՀԿ փոխնախագահներ Հովիկ Աբրահամյանի և Արմեն Աշոտյանի միմյանց հաջորդած հայտարարությունները երկու կուսակցությունների կառավարող կոալիցիա ստեղծելու հնարավորության վերաբերյալ:
Չցանկանալով մանրամասնել և խոսել ինչ-որ շարժառիթների մասին, որոնք Աբրահամյանին դրդել են նման բան ասել, ԲՀԿ խմբակցության քարտուղարը կտրականապես բացառել է նշված սցենարը: ՙԱվելին, ես հրապարակում եմ ոչ միայն սեփական կարծիքս, այլ կուսակցության տեսակետն` ընդհանուր առմամբ՚, - ասել է նա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում չէր բացառել ՀՀԿ և ԲՀԿ միջև կոալիցիա ստեղծելու հնարավորությունը Երևանի ավագանու խորհրդում և կառավարությունում: Պատասխանելով այն հարցին, թե քանի նախարար կփոխվի նոր կառավարությունում, Աբրահամյանը կոչ է արել սպասել ևս երկու օր: Մինչդեռ մեկ օր առաջ , պատասխանելով նույն հարցին, հենց Աբրահամյանը բացառել էր ՀՀԿ և ԲՀԿ համախմբման հնարավորությունը: Իսկ այսօր երկու կուսակցությունների միջև քաղաքական դաշինքի հնարավորթյունն առաջինը կանխատեսել է ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: ՙԵս չեմ բացառում ՀՀԿ և ԲՀԿ միջև նոր կոալիցիայի հնարավորությունը, թեև անձամբ ես դա չէի ցանկանա՚, - հայտարարել է Աշոտյանը: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ ՀՀԿ հետ միասին կառավարող կոալիցիայի ակզմում էր: սակայն մինչև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ աստիճանաբար շրջվեց ՙընդդիմության՚ կողմը` այդ ընտրություններում հանդես գալով որպես ընդդիմադիր ուժ: Սակայն 2013 թվականի նախագահական ընտրություններում ԲՀԿ դարձյալ շեղվեց իր գծից և չմասնակցեց դրանց: Կուսակցությունը կրկին աշխուժացել է Երևանի ավագանու ընտրություններում` դարձյալ հանդես գալով որպես ընդդիմադիր ուժ: