Հայաստանում աշխատանքն ավարտող ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Թոլոսան կառավարությանը կոչ է արել վճռական ճեղքում իրականացնել գործարար և ներդրումային միջավայրի էական բարելավման ոլորտում:
Լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ, չնայած բազմաթիվ չլուծված խնդիրներին, Հայաստանն, այդուհանդերձ, վերջին տարիներին էական տեղաշժարժի է հասել միկրոտնտեսական կայունության, ՀՆԱ աճի և ինֆլյացիայի ցածր մակարդակի, հարկային վարչարարության և հարկային կարգապահության բարելավման ապահովման գործում, իսկ բոլոր հիմնական ցուցանիշների գծով, փաստորեն, արդեն հաղթահարվել է 2008 թվականի նախաճգնաժամային մակարդակը: Այդ հաջողությունները, Թոլոսայի կարծիքով, ԱՄՀ-ին առիթ է տվել այսուհետև Հայաստանը չդիտարկել աշխարհի ամենաղքատ երկրների հետ մեկ շարքում, նրա կարգավիճակը բարձրացնելով մինչև նոր զարգացող տնտեսություն ունեցող երկիր (Emerging Markets), ինչն առաջիկայում կանեն նաև մյուս միջազգային դոնորական կազմակերպությունները: Այդ նոր կարգավիճակը, կարծում է փորձագետը, թելադրում է ԱՄՀ և Հայաստանի միջև համագործակցության նկատմամբ մոտեցումների սրբագրման անհրաժեշտություն, ինչը կարտացոլվի համագործակցության նոր ծրագրում, որի մշակումը կսկսվի ամենամոտ ժամանակներս` այժմ ավարտվող EFF/ECF եռամյա ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո: Նշենք, որ Հայաստանի համար ԱՄՀ EFF/ECF եռամյա ծրագիրը, որի ընդհանուր ծավալը 266,8 մլն SDR է (408,7 մլն դոլար), հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել էր 2010 թվականի հունիսի 28-ին:
Պատասխանելով արտասահմանյան սփյուռքի փոխանցումներից երկրի տնտեսության կախվածության և դրա դիվերսիֆիկացման ցածր մակարդակի վտանգավոր տենդենցի պահպանմանն առնչվող ԱրմԻնֆոյի հարցին` ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ հենց այդ պատճառով հիմնադրամը պնդում է կառավարության անհապաղ և ճռական գործողությունների անհրաժեշտությունը, որոնք ի զորու են բեկել իրավիճակը գործարար միջավայրում: ՙՎերջին տարիներին Հայաստանը խճճվել է ներքաղաքական հարցերում, և այժմ քաղաքական կայունության պայմաններում եկել է արմատական բարեփոխումների ուղղությամբ չափազանց լուրջ աշխատելու ժամանակը: Ժամանակն է, որպեսզի քաղաքականություն վարող մարդիկ մոռանան ներքաղաքական հարցերի մասին և իրենց ողջ ուշադրությունը վերակողմնորոշեն դեպի տնտեսական խնդիրների լուծում՚, - ընդգծել է Թոլոսան: Միևնույն ժամանակ և որպես հետևանք, աշխարհի ամենաաղքատ երկրների թվից Հայաստանի դուրս բերումը ենթադրում է նոր տնտեսական գործիքակազմի և բարձր ակնկալիքների առկայություն: Այդ իմամստով ԱՄՀ պաշտպանում է երկրի միջազգային պարտքային շուկա դուրս գալու ծրագիրը, որտեղ կառավարությունը մտադիր է առաջին փուլում հավաքել 500 մլն դոլար, դրանով իսկ էապես դիվերսիֆիկացնելով իր վարկատվական պարտավորությունները:
Միևնույն ժամանակ ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի համար վճռական գործողությունների ԱՄՀ ներկա կոչը ճիշտ չի մեկնաբանվում: ՙԴա չի նշանակում, թե մենք դժգոհ ենք կառավարության քաղաքականությունից, ընդհակառակը, մենք լիովին բավարարված ենք նրա աշխատանքով և այն համարում ենք միանգամայն հաջողված, սակայն, թևակոխելով զարգացման նոր փուլ, երկիրը պետք է ՙգազը սեղմի՚` փոխելով իր տնտեսական քաղաքականության շեշտադրումները՚:
Մասամբ համաձայնելով երկրի զարգացման վիճակագրական արդյունքների տարընթերցվածքի վերաբերյալ լրագրողների կարծիքին, հատկապես այն բանին, որ Հայաստանի ներկայիս պարտքը վերջին տարիներին բնակչության մեկ
շնչի հաշվով գրեթե կրկնապատկվել է, աղքատությնա մակարդակը վերադարձել է 2000-ականների սկզբի մակարդակին, իսկ իրական եկամուտներն ըստ գնողունակության պարիտետի, նույնիսկ, նվազել են, ԱՄՀ փորձագետը հորդորել է համալիր մոտեցում դրսևորել այդ ցուցանիշների նկատմամբ: Այսպես, որպես դրական փաստ նա նշել է հարկերի հավաքելիության մակարդակի բարձրացումը, ընդ որում հավասարաչափ` ինչպես փոքր և միջին ձեռնարկությունների, այնպես էլ խոշորագույն հարկատուների շրջանում: Նրա ասելով, էապես բարձրացել է նաև հարկային կարգապահությունը, պետությունն ապահովել է բյուրոկրատական քաշքշուկների և թղթային ձգձգումների նվազվում: ՙԻհարկե, մենք տեսանելի արդյունք չենք ստանա այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խոչընդոտները, սակայն հենց որ դրանք հաղթահարվեն, մենք կտեսնենք արագ և դրական արդյունք՚, - նշել է փորձագետը, նկատի ունենալով, որ ՙգործարար միջավայրը Հայաստանում բավականին բարդ է՚:
Թոլոսան նույն ոչ միանշանակ տեսակետն է արտահայտել այն առնչությամբ, որ, չնայած Համաշխարհային բանկի doing-business վրականշային աղյուսակում երկրի դիրքի էական բարձրացմանը, 2012 թվականի արդյունքներով Հայատսանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 40 տոկոսով նվազել է, փորձելով դա բացատրել բացառապես ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներով: Եվ, այդուհանդերձ, ինչպես անկեղծորեն նշել է ԱՄՀ արդեն նախկին մշտական ներկայացւոցիչը, ՙՀայաստանի տնտեսության հաջող զարգացման առնչությամբ լավատեսության առիթ կա, սակայն գործարար միջավայրի վիճակն ամենևին բավարար չէ այդ լավատեսությունը սնուցելու համար՚:
Ավելացնենք, որ Գիերմո Թոլոսային Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է Թերեզա Դաբանը, ով ԱՄՀ-ում Լատինական Ամերիկայի թույլ զարգացած երկրների գծով աշխատանքի փորձ ունի: