ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այյսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը դեսպանին հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ՊՆ
մամուլի ծառայությունից, Անջեյ Կասպրչկը հատուկ կանչվել էր Հայաստանի պաշտպանական
գերատեսչություն` նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի
առնչությամբ: Սեյրան Օհանյանը նշել է, որ ձևավորված օպերատիվ
միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու
հավանականությամբ: Դեսպանը
Կասպրչիկը հայտնել է իր մտահոգությունը և խոստացել քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտմամ արդյունքում հակառակորդի գնդակներից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է երկու հայ զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, զոհերի թիվը
հասել է հինգի: Միջադեպի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարություն է
կանչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ավելացնենք
նաև, որ նախօրեին ԱրմԻնֆո գործակալության խմբագրությունն ահազանգ է ստացել Երասխ
գյուղի բնակիչներից, որոնք տեղեկացրել են, թե գյուղի սահմանամերձ գոտու
բնակիչներին տարհանում են: Սակայն այդ տեղեկատվությունը հերքել են ինչպես
Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ գյուղական վարչակազմում:
Պաշտպանության
նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին Facebook-ի իր
էջում գրել է, որ հայ-ադրբեջանական սահմանում
իրավիճակը լիովին վերահսկվում է
Հայաստանի զինված ուժերի կողմից: «Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ», - գրել է Հովհաննիսյանը` քաղաքացիներին հորդորելով խուճապի չմատնվել: «Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ», - կոչ է արել Արծրուն Հովհաննիսյանը: