Բնորոշեք հանրապետության ներքաղաքական վերջին իրադարձությունները: Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը հեռանկարներ ունի, թե՞ նորից կրկնվի վերջին տարիների սցենարը, որն ուղեկցվում է ժողովրդի հիասթափությամբ:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն առնվազն կոնսերվացիա է, այսինքն`բնակչության բողոքական զանգվածի պահպանում: Այդ իսկ պատճառով նա պարբերաբար այցելում է մարզեր`ապագա փոփոխությունների հույս ներշնչելով մարդկանց: Կարծում եմ, որ դեպի լավը փոփոխություններ անպայման կլինեն: Այսօր Հայաստանում արդեն ամենուրեք կոտրվել է իշխանության դեմ խոսակցությունների տաբուն: Եվ ոչ ոք իշխանության դեմ բացահայտ հանդես եկեղ մարդկանց ձեռք չի տալիս: Առաջինը`նրանք շատ են, երկրորդ`երկրում, իրոք, շատ բան է փոխվել, փոխվել է ժամանակը: Եվ տեխնիկական առաջընթացը ոչ պակաս կարևոր դեր է խաղում դրանում: Ըստ որում, Րաֆֆին հաջողությամբ հանդես է գալիս իշխանության դեմ, քաղաքական կոռեկտության շրջանակներում, ինչը նրա անձնական արժանիքն է: Իսկ ընդհանուր առմամբ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունն անցած նախագահական ընտրություններում մյուս ընդդիմադիր քաղաքական գորխիչներից նրա տարբերության մեջ է: Հայաստանում թե’ իշխանության, թե’ ընդդիմության հանդեպ մարդկանց հավատի բացակայության պայմաններում հանկարծ այլ մարդ հայտնվեց: Մարդ Արևմուտքից`այն իմաստով, ինչպես պատկերացնում են Արևմուտքը Հայաստանի քաղաքացիները, ովքեր այդպես ձգտում են այնտեղ: Եվ շատ քաղաքներում, գյուղերում մեծամասնություն ստացած Րաֆֆի հաջողությունից շփոթված էին ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: Այդ պատճառով, ի տարբերություն շատերի, վստահ եմ, որ եթե Րաֆֆին նախագահի թեկնածու չառաջադրվեր, մնացած կուսակցությունները`ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ, այդքան ձայն ամեն դեպքում չէին ստանա:
Այսինքն`ընտրություններին մասնակցությունից այդ ուժերի ինքնահեռացումն արդյունքների ձևավորման հարցում վճռորոշ դեր չի՞ խաղացել:
Կարծում եմ`այդ ուժերից յուրաքանչյուրն ընտրություններին չմասնակցելու իր պատճառներն է ունեցել, որոնք չէի ցանկանա այժմ հնչեցնել: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանն իր ձայներն ստացել է`իշխանության հանդեպ հասարակության վստահության բացակայության պատճառով: Եթե Րաֆֆին այլ քաղաքական գործիչ չլիներ, իշխանությունները հեշտությամբ կզսպեին նրան`առաջարկելով այն, ինչ սովորաբար ուրախությամբ ընդունում են քաղաքական այլ կուսակցությունները`պորտֆելներ, բիզնեսներ և այլ բարիքներ: Սակայն, այնպես ստացվեց, որ այդ ամենից ոչինչ Րաֆֆին պետք չէր: Եվ այսօր մենք Րաֆֆիից սպասում ենք քայել, որոնք սովոր ենք սպասել մեր դասական ընդդիմադիր գործիչներից, սպասում ենք հեղափոխություն: Ըստ որում, այն ամենը, ինչ պետք է աներ Րաֆֆին, արդեն արել է մինչև ապրիլի 9-ը`նախագահի երդմնակալության օրը: Այլ քայլեր նրան հարկավոր չէր անել, դրանք պետք է իշխանությունն աներ: Րաֆֆին առաջադրվեց, անցկացրեց հիանալի նախընտրական արշավ`ցույց տալով թե’ իշխանության, թե’ այս իրավիճակի հետ համակերպվելու ժողովրդի ցանկության բացակայությունը: Սերժ Սարգսյանը, որպես պատասխան, պետք է ձևացներ, թե ոչինչ տեղի չի ունեցել, և ինքը շարունակելու է նախագահել ևս հինգ տարի: Երկրորդ տարբերակը Սարգսյանի համար Րաֆֆի հետ երկխոսությունն էր, բայց ոչ Հայաստանում այդ հասկացության դասական իմաստով: Հարկավոր է միահամուռ իրավիճակից ելք գտնել, վերլուծել պատճառները, թե ինչու ժողովուրդը հրաժարվում է քվեարկել իշխանության օգտին: Բոլոր այդ խնդիրները չեն վերացել, և դրանք պետք է վերացնի ոչ թե Րաֆֆին, այլ Սերժ Սարգսյանը: Նախագահը չի կարող անտեսել Րաֆֆի Հովհաննիսյանից, որի հետևում կանգնած է բնակչության զգալի մասը: Ընդհանուր առմամբ Հայաստանն ինձ հիշեցնում է ԽՍՀՄ-ն իր գոյության վերջին օրերին, երբ Կոմունիստական կուսակցությունը պետք է ինչ-որ բան աներ, որպեսզի պահպաներ երկիրը: Այո, մեր մարդիկ առայժմ չեն գրոհում պետհաստատությունները, Բաղրամյան 26-ը, սակայն, նույնիսկ պաշտոնական տվյալներով, 42%-ը չի ցանկանում ապրել Հայաստանում և ամեն բան անում է, որպեսզի լքի երկիրը: Բացի այդ, Սերժ Սարգսյանին գրեթե անհնար կլինի արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնել`ունենալով այդքան թույլ ներքին դիրքերը:
Որքանով ես եմ հասկանում, իշխանությունը նախընտրում է հույսը դնել Րաֆֆի Հովհաննիսյանից հասարակության մոտալուտ հիասթափության վրա, ինչպես տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում...
Հիասթափությունը նույնքան ուժեղ չի լինի, որքան նախորդ դեպքերում`թեկուզ այն պատճառով, որ Հովհաննիսյանը ոչ ոքի ոչինչ չի խոստացել: Նա չի օգտագործել կարգախոսեր, ինչպես`ՙՍերժ, հեռացի’ր՚, ժողովրդին կոչ չի արել ՙհեռացնել ռեժիմը՚: Նա ուղղակի կոչ է արել հասարակությանը ցույց տալ, թե ով է Հայաստանի իրական տերը, որ ժողովուրդը չի ցանկանում այլևս այսպես ապրել, ինչը և արվել է: Եվ եթե նույնիսկ Րաֆֆին հեռանա, ժողովրդի հիասթափությունն ամենևին չի ստիպի իրեն սիրել իշխանությանը:
Դուք նշեցիք Րաֆֆիի ՙարևմտամետությունը՚, բայց այդ դեպքում ինչու՞ Արևմուտքը շտապեց ճանաչել Սերժ Սարգսյանի հաղթանակը`ի վնաս ՙիր՚ թեկնածուի:
Այսօր Արևմուտքն արդեն իշխանափոխության նպատակով հեղափոխություններ չի անում այս կամ այն երկրում`հասկանալով, որ ցանկացած նախագահ, վերջիվերջո, հաշվի է առնելու գերտերությունների կամ միջազգային կազմակերպությունների պահանջները: Շատ ավելի հեշտ է կառավարել թույլ, ոչ լեգիտիմ, ժողովրդի վստահությունը չվայելող նախագահին, քան իր ուժեղ դրածոյին, ով որոշակի պահից սկսած լիովին կարող է ատամ ցույց տալ: Այդպես է եղել Ուկրաինայում, Վրաստանում, այլ երկրներում: Վերջիվերջո, իր նախագահության 5 տարում ի՞նչ խնդիրներ ստեղծեց Սերժ Սարգսյանը Արևմուտքի համար:
Ենթադրենք, նույն թուլության պատճառով բարեհաճորեն հակվում է դեպի Մաքսային միությանը Հայաստանի մասնակցության կողմը...
Աշխարհաքաղաքականությունում կան շահերի ու ազդեցության գոտիներ, որոնց վրա գերտերություններն աչք են փակում`համարելով, որ դրանք իրենց չեն պատկանում: Այնպես է ստացվել, որ Հայաստանը և ԱՊՀ երկրներն արժանանում են Արևմուտքի հատուկ մոտեցմանը, որն ընդունում է Ռուսաստանի գերիշխող դերը, իհարկե`առանձին բացառություններով: Եվ միակ բանը, որն առայժ ասում է ԵՄ-ն, այն է, որ ցանկացած ինտեգրացիոն միավորում չպետք է հակասի ԱՀԿ և Հայաստան-ԵՄ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի առնչությամբ պարտավորություններին:
Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում վերջինիս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ կուսակցությունը եկել է բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու Հայաստանում: Ի՞նչ է դրա տակ ենթադրվում հայաստանյան այսօրվա իրողություններում, կառավարման օլիգարխիկ մեթոդից հրաժարու՞մ:
Անձամբ ինձ համար ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը կուսակցության համագումարում համոզիչ չէր: Ավելին, այն համոզիչ չէր նույնիսկ նույն դահլիճում նստածների համար, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացել փակագծերը, թե ինչ է ենթադրում այդ հայտարարության ներքո: Այդ պատճառով ես լուրջ չեմ համարում այդ հայտարարությունը: Տեր-Պետրոսյանն ընդամենն իր որոշ քայլերն արդարացնելու փորձ է կատարել, որոնք ի սկզբանե սխալ եմ համարել, մասնավորապես`անջատել հարուստ մարդկանց իշխանությունից և հույսը նրանց վրա դնել քաղաքականությունում: Յուրաքանչյուր կուսակցության ցանկացած քայլ պետք է հասարակության գնահատականին արժանանա, բարձրացնի իր վարկանիշը, ավելացնի կողմնակիցների քանակը: Եվ խոսելով այսօր բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության մասին`Տեր-Պետրոսյանն ընդամենը նկատի ուներ երկու-երեք հարուստ մարդկանց իշխանական բուրգից անջատելու անհրաժեշտությունը: Այս դեպքում, կարծում եմ, ՀԱԿ-ը շփոթում է պատճառը հետևանքի հետ: Տնտեսական տեսակետից օլիգարխների առկայությունն իշխանությունում, իհարկե, ճիշտ չէ: Սակայն, իշխանությունից նույն Սամվել Ալեքսանյանի անջատման և իշխանության համակարգն անփոփոխ թողնելու դեպքում նրա տեղը անմիջապես կլրացվի մեկ ուրիշով, ով որակապես հիշյալ օլիգարխից չի տարբերվի:
Դուք նշեցիք, որ Հայաստանը հիշեցնում է Ձեզ ԽՍՀՄ-ն իր գոյության վերջին օրերին: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այդ լճացումը, նշեք հնարավոր սցենարները:
Եթե իշխանության ղեկին գտնվող մարդկանց մոտ, այնուամենայնիվ, դեռ կա Հայաստանը զարգացնելու նպատակ, դա կարելի է անել մեկ ամսում`սկզբի համար տնտեսության զարգացման ազատ շուկայական պայմանների համար նախադրյալներ ստեղծելով: Այդ մասին է վկայում թեկուզ Ղազախստանի փորձը, ուր ոչ ոք չի խոսում ընտրություններում ժողովրդավարության մասին, բայց որտեղ նախագահ Նազարբաևն իր ռազմավարությամբ փորձում է ազատ շուկայական հարաբերություններ ստեղծել: Որպես արդյունք`Ղազախստանն այսօր տնտեսության ազատականացման ցուցանիշներով 20 կետով ավելի բարձր է Հայաստանից:
Իսկ Ղազախստանում օլիգարխներ չկա՞ն:
Տնտեսության և պետության վրա բացասաբար ազդող օլիգարխ-մոնոպոլիստներ, ի տարբերություն Հայաստանի, Ղազախստանում չկան: Եվ այսօր Նազարբաևը կրկնում է նույն Աուգուստո Պինոչետի կամ Չինաստանի իշխանությունների գործողությունները, որտեղ վաղուց տնտեսական հեղափոխություն է տեղի ունեցել: Վերջին տարիներին իշխանության ղեկին դիկտատորներ ունեցող շատ երկրներ իրական բարեփոխումների կարողություն են ցուցաբերել: Սակայն, այսօր Հայաստանում, ցավոք, նույնիսկ դա չկա: