ՙՄիլիարդատերերի միությունը՚ Կրեմլի ճնշման միջոց է` Բաքվի առավել զիջողական և հնազանդ վարքագծի հասնելու նպատակով: Իմ կարծիքով, դա է նրա ողջ դերը` և ոչ ավելի: Առցանց մամուլի ասուլիսւոմ այդպիսի կարծիք է հայտնել Բաքվի ՙԱրևելք-Արևմուտք՚ հետազոտությունների կենտրոնի նախագահ Արաստուն Օրուջլուն`պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:
Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության (Միլիարդատերերի միության) ստեղծումը, որում ընդգրկվել են ՌԴ ամենահարուստ ադրբեջանցիները, շարունկաում է մնալ Ադրբեջանի հասարակաքաղաքական կյանքի կենտրոնում: Միության հիմնադիրների կազմում են ՙԼուկօյլի՚ նախագահ Վագիթ Ալեքպերովը, ՙԿրոկուս՚ հոլդինգի ղեկավար Արազ Աղալարովը, ՙԱՍՏ՚ ընկերությունների խմբի սեփականատեր Թելման Իսմայիլովը և այլոք: Որոշ փորձագետներ կարծում են, որ ՌԱԿՄ կարող էր նախաձեռնված լինել Կրեմլի կողմից` Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների լույսի ներքո: Վերլուծաբաններից ոմանք էլ չեն բացառում, որ դա Կրեմլի և Արևմուտքի համատեղ նախագիծ է: Կա նաև այլ վարկած, որի համաձայն, ՙՄիլիարդատերերի միությունը՚ կառավարող վերնախավի այն մասի հակառակորդն է, որն արգելակում է բարեփոխումները և նպատակաուղղված է իշխանությունից ՙհին գվարդիայի՚ հեռացմանը` ի դեմս Նախիջևանի կլանի նրկայացուցիչների և ծնունդով հայաստանցիների:
ՙՉեմ կարծում, թե Ռուսաստանում ադրբեջանցի գործարրաների կողմից ստեղծված ՙՄիլիարդատերերի միությունը՚ կարող է Ադրբեջանում խաղալ նույն դերը, ինչ ՙՎրցական երազանքը՚` Վրաստանում: Ադրբեջանում նման հնարավորություններն անհամեմատ ավելի քիչ են, քան Վրաստանում: Իշխանությունը բոլորից ավելի հարուստ է և խիստ վերահսկողության տակ է պահում հասարակաքաղաքական կյանքի, գործնականում, բոլոր բնագավառները: Դա անհնար է նաև ազատությունների և իրավունքների այն սահմանափակումների պայմաններում, որոնք առկա են Ադրբեջանում՚, - ընդգծել է Օրուջլուն:
Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են ՙՄիմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով՚ նախագծի շրջանակում: ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: