Երևանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում ՙԲարև Երևան՚ դաշինքն ընտրողների ձայների առնվազն 40% կստանա, ապրիլի 13-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի ցուցակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող ՙԱրարատ՚ ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, 6% շեմը կհաղթահարեն ՙԲարև Երևան՚ դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և ՙԲարգավաճ Հայաստանը՚: ՙՔանի որ Հայ ազգային կոնգրեսը և Օրինաց երկիրը հասցրել են հիասթափեցնել ընտրողներին և կորցրել են իրենց քաղաքական կշիռը, վերջիններս ՙԱռաքելություն՚ կուսակցության հետ միասին, ամենայն հավանականությամբ, 6% շեմը չեն հաղթահարի: Նա նաև դրական է գնահատել ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունները և համոզմունք հայտնել, որ ՙԲարև Երևանը՚ ոչ միայն չի կորցրել իր ընտրազանգվածը, այլ ձեռք է բերել բազմաթիվ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող ընտրողներ:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե ոստիկանների կողմից ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելն ինչպես կանդրադառնա դաշինքի հեղինակության և հետագա ընտրարշավի վրա`Սիմոնյանը հայտարարել է, որ այդ միջադեպը խուլիգանություն էր ոստիկանության կողմից և չի կարող ազդել դաշինքի վարկանիշի վրա: